Պարզաբանում. սահմանադրական բարեփոխումներ - Mediamax.am

exclusive
13397 դիտում

Պարզաբանում. սահմանադրական բարեփոխումներ


Լուսանկարը` REUTERS


Հայաստանի Հանրապետական կուսակցության փետրվարի 12-ին կայացած նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը վաղուց պատրաստ է եւ իմ սեղանին է: Ոչինչ ինձ չի խանգարել եւ չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը եւ սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը»:

 

Մեդիամաքսը «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը նվիրել է սահմանադրական բարեփոխումներին: 

 

1. Ե՞րբ եւ ինչպե՞ս է ընդունվել ՀՀ սահմանադրությունը

 

Հայաստանի Հանրապետության մայր օրենքը՝ Սահմանադրությունը, ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով, ինչը հաջորդել է 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմանը: 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որի 12-րդ կետով նախատեսվել էր Սահմանադրության, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակումը:

 

1995թ. հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 2,189,804 քաղաքացիներից 1,217,531-ը:  ՀՀ սահմանադրությանն «այո» է ասել 828,370 մարդ, «ոչ»՝ 349,721-ը: Այսպիսով, նախագծին կողմ է եղել ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 55,66%-ը:

 

2. Ինչպե՞ս է փոփոխվում ՀՀ սահմանադրությունը

 

Սահմանադրությունն ընդունվում եւ փոփոխվում է հանրաքվեով, որն առաջարկում է հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ։ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվում, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»:

 

3. Ե՞րբ եւ ինչո՞ւ է փոփոխվել 1995թ. Սահմանադրությունը

 

Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտությունն առաջացավ 2001 թվականին, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դրվեց 2003 թվականին, որը, սակայն, տապալվեց: Երկու տարի անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ին, հանրաքվեի դրվեց բարեփոխումների փոփոխված նախագիծը:

 

Հանրաքվեին մասնակցեց  ընտրական իրավունք ունեցող 2,317,462 քաղաքացիներից 1,514,545-ը, որոնցից 1,411,711-ը կողմ քվեարկեց նախագծին:

 

4. Ի՞նչ էական փոփոխություններ են եղել 2005 թվականին

 

2005թ. կատարված փոփոխությունները վերաբերում էին հանրապետության կառավարման կարգին, իշխանությունների բաժանմանը: Ի տարբերություն 1995թ. Սահմանադրությանը՝ նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, ընդլայնվեց Ազգային ժողովի դերը: Նոր փոփոխություններով նախագահը կարող էր վարչապետ նշանակել միայն Ազգային ժողովի խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։ Վերացավ նաեւ նախագահի բացառիկ՝ Ազգային ժողովն արձակելու հնարավորությունը՝ սահմանելով կոնկրետ դեպքեր: Փոփոխություններ եղան դատական համակարգի կազմակերպման ոլորտում։

 

5. Ի՞նչ է նախատեսում սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգը

 

ՀՀ նախագահի՝ 2013թ. սեպտեմբերի 4-ի հրամանագրով ստեղծվել էր նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Հրամանագրի համաձայն՝ որոշումը կայացվել էր՝ «ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից»:

 

Ըստ նոր հայեցակարգի՝ Հայաստանի Հանրապետությունը նախագահականից անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի:

 

Հայեցակարգի համաձայն՝ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից:

 

Վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձեւավորվում է վարչապետի կողմից եւ պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջեւ:

 

Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը կհետեւի օրենսդրի եւ գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։

 

6. Ի՞նչ է ասել նախագահը

 

2014թ. մարտին, երբ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նա հայտարարեց, որ փոփոխություններից հետո երբեւէ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուն:

 

«Ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Չնայած դրան, սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները պնդում են, որ դրանց հիմնական նպատակը «ներկայիս վարչակարգի վերարտադրման ապահովումն է»:

 

Ս.թ. փետրվարի 12-ին խոսելով այդ մասին, ՀՀ նախագահն ասել էր. «Կարեւորագույն խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխանության վերարտադրության համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն»:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին