Պարզաբանում. Դիտարկման հնարավոր ուժեղացումն Արցախում - Mediamax.am

exclusive
5218 դիտում

Պարզաբանում. Դիտարկման հնարավոր ուժեղացումն Արցախում


Լուսանկարը` REUTERS


Մայիսի 17-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված համանախագահող երկրների հայտարարության մեջ ասվում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հնարավորինս կարճ ժամկետներում ավարտին հասցնել շփման գծին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Նախագահները նաեւ պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:

 

«Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը ներկայացնում է մեխանիզմների հնարավոր տարբերակները եւ զուգահեռները:

 

1.Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը:

 

Միջնորդների կողմից հաստատված հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման նախագիծ գոյություն չունի: Տարբեր ժամանակ ներկայացվել են տարբեր գաղափարներ, որոնց մի մասը նախատեսում է համապատասխան տեխնիկական միջոցների ներդրում:

 

Որոշակի գաղափարներով հանդես է եկել նաեւ 2016 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան:

 

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնմանը, այս հարցում խնդիրն ավելի պարզ է: Այս պահին Անջեյ Կասպշիկն ունի ընդամենը 6 աշխատակից, ինչը թույլ է տալիս շփման գծի դիտարկում անցկացնել առավելագույնը ամսական 2-3 անգամ:

 

Առաքելության անձնակազմի ընդլայնումը թույլ կտա ավելացնել դիտարկումների հաճախականությունը եւ ընդլայնել դրանց աշխարհագրությունը:

 

2. Ի՞նչ նմանօրինակ մեխանիզմներ կան աշխարհում:

 

Պայմանական զուգահեռ կարելի է անցկացնել Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ դիտորդական առաքելության (ՀԴԱ) հետ: 2014 թ. մայիսի 21-ին ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշեց Ուկրաինա ուղարկել հատուկ առաքելություն, որը կազմված է անզեն քաղաքացիական դիտորդներից:

 

Առաքելության նպատակն է հավաքել տեղեկություններ, զեկուցել անվտանգության իրավիճակի մասին եւ տեղում փաստեր ճշտել՝ կոնկրետ իրադարձությունների եւ միջադեպերի հետ կապված:

 

Այս պահին առաքելությունը ներառում է ավելի քան 700 դիտորդ՝ ԵԱՀԿ շուրջ 40 անդամ-պետություններից: Նրանցից 600-ը աշխատում են Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում:

 

Յուրաքանչյուր թիմ կազմված է մեկ ղեկավարից եւ դիտորդներից: Դիտորդները աշխատում են փոքր խմբերով, շաբաթական 7 օր:

 

2016 թ. փետրվարին ՀԴԱ-ի մանդատը երկարաձգվեց մինչեւ 2017 թ. մարտի 31:

 

3. Արդյո՞ք դիտորդները երաշխավորում են հրադադարի պահպանումը:

 

Իհարկե, ոչ: Օրինակ, 2016 թ. ապրիլի 15-ին Ուկրաինայում ԵԱՀԿ ՀԴԱ-ի ղեկավար, թուրք դիվանագետ Էրթուղրուլ Ապաքանը  մտահոգություն հայտնեց մարտական գործողությունների կտրուկ ակտիվացման կապակցությամբ: Ապրիլի 14-ին ՀԴԱ-ի կողմից գրանցված հրադադարի ռեժիմի խախտումների թիվը գերազանցել էր 4000-ը:

 

«Մենք խորը մտահոգությամբ մի քանի ամիս արձանագրում ենք իրավիճակի վատթարացում արեւելքում: Ցավոք, կողմերը ուշադրության չառան զսպվածության մեր կոչերը», - ասել էր ՀԴԱ-ի ղեկավարը:

 

4. Կարո՞ղ է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը դառնալ առաջին քայլը միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու համար:

 

Ֆորմալ առումով՝ ոչ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Անձնական ներկայացուցչի գրասենյակը սերտորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Բարձր մակարդակի ծրագրման խմբի (ԲՄԾԽ) հետ: 

 

ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի ստեղծման եւ գործունեության նածագծի ստեղծման համար 1995 թ. մարտին ձեւավորվել է Բարձր մակարդակի ծրագրման խումբը (ԲՄԾԽ): 

 

ԲՄԾԽ-ն ԵԱՀԿ Գործող նախագահին խորհրդատվություն է տրամադրում ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի ստեղծման նախագծի մշակման հետ կապված, ինչպես նաեւ դրանց կառուցվածքի եւ գործունեությունը բնութագրելու նպատակով: Բացի այդ, խումբը խորհուրդներ է տրամադրում այնպիսի հարցերի շուրջ, թե ինչ քանակ պետք է ունենան ուժերը, ինչ բնութագրեր դրանք պետք է ունենան, որ մարմինների կողմից  կառավարվեն, ինչպիսի կանոններով իրականացնեն գործողությունները: 

 

ԲՄԾԽ-ն մշակել է ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի հայեցակարգը հակամարտության գոտում տեղակայման համար: Այն նախատեսում է չորս տարբերակ, որոնցից երեքը ենթադրում են զինված խաղաղապահների եւ անզեն դիտորդների զուգահեռ կիրառումը, իսկ չորրորդը՝ միայն անզեն ռազմական դիտորդներից կազմված առաքելության աշխատանք:  

 

Կախված տարբերակից, խաղաղապահ գործողության անձնակազմը կարող է տատանվել 1 500-ից 4 000 հոգու միջակայքում:

 

2008 թ. նոյեմբերին ԲՄԾԽ ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարին ուղղված նամակում գրել էր. 

 

«2000 թ. պատրաստված չորրորդ սցենարը բոլոր տարբերակներից նվազագույն բեռ է ներկայացնում կադրային տեսակետից. այն հիմնականում ենթադրում է անզեն ռազմական դիտորդների տեղակայում: Իմ կարծիքով, այս տարբերակը կարող է ԵԱՀԿ-ի համար լինել ամենաընդունելին եւ հեշտ իրագործելին, քանի որ դրա ընդունման եւ իրականացման համար ԵԱՀԿ-ն արդեն իսկ համապատասխան ներուժ ունի: ԲՄԾԽ-ի շրջանակում հնարավորինս մանրակրկիտ օպերատիվ նախագծման համար խմբի անդամները պատրաստ էին մասնակցել շփման գծի դիտարկման միջոցառումներին, որոնք անցկացնում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սակայն խմբից չկախված հանգամանքների բերումով ԲՄԾԽ-ն չկարողացավ մասնակցել շփման գծի դիտարկմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին