Պարզաբանում. Սամվել Բաբայան - Mediamax.am

exclusive
23390 դիտում

Պարզաբանում. Սամվել Բաբայան


Լուսանկարը` REUTERS


ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հաստատել է, որ վերադարձել է Հայաստան եւ առաջիկայում մեկնելու է Արցախ: «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը պատմում է Սամվել Բաբայանի մասին:

 

1. Ո՞վ է Սամվել Բաբայանը:

 

Սամվել Բաբայանը ծնվել է Ստեփանակերտում 1965 թվականին: Լեռնային Ղարաբաղում ազգային-ազատագրման շարժման ակտիվ մասնակիցներից է: Նա ձերբակալվել էր 1991 թվականին եւ մոտ 6 ամիս անցկացրել Բաքվի բանտում:

 

1992-1993 թթ. նա Ղարաբաղի զինված ջոկատների ղեկավարներից մեկն էր: Մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության մշակմանը եւ իրագործմանը:

 

1993 թ. նոյեմբերից մինչեւ 1999 թ. դեկտեմբեր եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար:

 

Սամվել Բաբայանի ստորագրությունն է դրված 1994 թ. Բիշկեկի արձանագրության ՝ ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի տակ:

 

2. Ի՞նչ եղավ 1999 թվականին:

 

Խոսակցություններն այն մասին, որ ԼՂՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարության հարաբերությունները լարված են, շրջանառվում էին եւ մինչեւ 1999 թվականը: Մասնավորապես, Ստեփանակերտում խոսում էին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի «խուլ դիմադրության» մասին:

 

1999 թ. ամռանը Ստեփանակերտի քաղաքապետ, ՆԳՆ նախկին ղեկավար Կարեն Բաբայանը, ով Սամվել Բաբայանի հարազատ եղբայրն է, հայտարարեց, որ համաձայն չէ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի որոշ քայլերի, մասնավորապես, Անուշավան Դանիելյանին վարչապետի պաշտոնին նշանակելու հետ:

 

Դրանից հետո ԼՂՀ նախագահը մի շարք հանդիպումներ ունեցավ ԼՂՀ ռազմական գործիչների հետ, որոնց արդյունքները կողմերը տարբեր կերպ էին մեկնաբանում:

 

1999 թ. դեկտեմբերին սկսեցին հնչել Սամվել Բաբայանի հրաժարականի մասին կոչերը, որոնց նա հետեւյալ կերպ էր արձագանքում.

 

«Իմ հրաժարականը փախուստին հավասար մի բան է լինելու եւ փոքրոգության տպավորություն կթողնի: Այժմ, երբ Վազգեն Սարգսյանն այլեւս չկա, ես գնալու բարոյական իրավունք չունեմ: Իմ հրաժարականը ձեռնտու է միայն մեր երկրի թշնամիներին»:

 

1999 թ. դեկտեմբերի 14-ին ԼՂՀ կառավարության շենքի դիմացի հրապարակում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ ընդհարում է տեղի ունենում: Մի քանի օր անց Սամվել Բաբայանը հրաժարական է տալիս:

 

3. Ի՞նչ եղավ դրանից հետո:

 

2000 թ. մարտի 22-ին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ դեմ մահափորձ իրականացվեց, որի հետեւանքով Արկադի Ղուկասյանի հրազենային վիրավորում ստացավ: Իրավապահ մարմինները հայտարարեցին, որ մահափորձի պատվիրատուն Սամվել Բաբայանն է:

 

2000 թ. սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտում մեկնարկեց ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Ընդհանուր առմամբ գործով անցնում էր 16 անձ:

 

2000 թ. դեկտեմբերի 28-ին դատական նիստում կայացավ Սամվել Բաբայանի երկրորդ հարցաքննությունը, որի ընթացքում նա հրաժարվեց ապրիլի 3-ին տված խոստովանական ցուցմունքներից: Այդ փաստը մեղադրյալը բացատրեց նրանով, որ ցուցմունք տալու պահին չէր գիտակցել, թե ինչ է ասել:

 

2001 թ. փետրվարի 26-ին Սամվել Բաբայանի գործով մեղադրական վճիռ կայացվեց, որը նախատեսում էր ունեցվածքի բռնագրավում եւ 14 տարի ազատազրկում: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը զրկվեց «Արցախի հերոս» կոչումից եւ «Ոսկե արծիվ» շքանշանից:

 

2004 թ. սեպտեմբերի 17-ին Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանին ներում շնորհելու մասին հրաման ստորագրեց:

 

4. Ի՞նչ էր անում Սամվել Բաբայանը ազատ արձակվելուց հետո:

 

2005 թ. հունիսին Սամվել Բաբայանը Երեւանում հայտարարեց, որ մտադիր է Հայաստանում ստեղծել «առողջ քաղաքական ուժ, որը ձգտելու է փոխել երկրում առկա հասարակարգը եւ ձեւավորել լիովին անկախ դատական համակարգ»:

 

Նույն տարվա նոյեմբերին Երեւանում տեղի ունեցավ Բաբայանի ստեղծած «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարը: Սակայն կուսակցությունը ՀՀ քաղաքական կյանքում որեւէ լուրջ դերակատարություն չունեցավ:

 

Ըստ հրապարակումների, վերջին տարիներին Սամվել Բաբայանը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Մամուլը գրում էր, որ նա ստիպված էր հեռանալ կուտակած պարտքերի պատճառով:

 

5. Ի՞նչ էր ասում Սամվել Բաբայանը ԼՂ կարգավորման մասին:

 

1997 թ. սեպտեմբերին Սամվել Բաբայանը «Московские Новости» թերթին տված հարցազրույցում ասել էր.

 

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, տարածքների մասին խոսելն անիմաստ է: Դա թե՛ ժողովրդի, թե՛ ղեկավարության հստակ կարծիքն է: Այդ հարցի շուրջ բանակցություններ կարելի է վարել միայն այն դեպքում, եթե Բաքում մոռանա Լաչինի եւ Քելբաջարի մասին: Մենք պետք է վստահ լինենք, որ մեր եւ Հայաստանի մեջ սեպ չկա: Երբ Ադրբեջանը խոսում է այդ տարածքների մասին, ու մի բան էլ ավել, Շուշին է հիշատակում, ինձ համար պարզ է դառնում, որ իրականում նրանք կարգավորում չեն ցանկանում: Նույնիսկ եթե մենք այսօր առանձին պետության կարգավիճակ ստանանք, Քելբաջարի մասին խոսակցությունները իմաստ չունեն»:

 

2005 թ. նոյեմբերին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր կողմերի ժողովրդավարացման դեպքում: Նա նաեւ նշեր էր չորս սկզբունք, որոնց հիման վրա պետք է լուծվի ԼՂ հիմնախնդիրը.

 

1. Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր ինքնակառավարում՝ հեղինակավոր միջազգային կազմակերպության հովանու ներքո, 2. Փախստականների կամավոր վերաբնակեցում, 3. ԼՂՀ տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծում, 4. Նոր հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում:

 

2009 թ. հուլիսին Սամվել Բաբայանը ասել էր, որ «Ադրբեջանը մտադրված է առաջիկայում նոր ռազմական արշավ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»: Նա վստահություն էր հայտնել, որ Ադրբեջանը պարտվելու է նաեւ այդ պատերազմում: «Նոր պատերազմից հետո Ադրբեջանում ի հայտ կգան նոր 2-3 մլն փախստականներ՝ Քուռ գետի ավազանում բնակվող մարդիկ», - նշում էր Սամվել Բաբայանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին