Պարզաբանում. ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգը - Mediamax.am

exclusive
13360 դիտում

Պարզաբանում. ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգը


Լուսանկարը` REUTERS


Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, չնայած որ ստորագրվել էր 2015թ.-ին, մեծ հետաքրքրություն առաջացրեց հունիսի 3-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ այն դրական եզրակացությամբ ներկայացվելու է Ազգային ժողովի վավերացմանը: «Պարզաբանում» խորագիրը նվիրված է Համաձայնագրին ու դրա շուրջ ծագած հարցերին:

 

1. Համաձայնագրով պահպանում են, արդյո՞ք, իրենց ինքնուրույնությունը ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը:

 

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով ստեղծվելիք համակարգը ոչ թե միասնական է, այլ համատեղ: Սա նշանակում է, որ Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:

 

Ղազախստանն ու Բելառուսը, օրինակ, ՌԴ հետ ստեղծել են ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգեր: Այս պահին միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ կնքել է միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, ինչն ապահովագրում է ՀՀ ՀՕՊ զորքերը այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայությանը տրամադրելուց:

 

Դիտարկվող Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չի տրամադրում միավորված տարածաշրջանային համակարգին: Հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի որ մասն է տրամադրվելու կամ հետ վերցվելու: Նշված հարցում եւս ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:

 

Համաձայնագրի հավելվածի համաձայն` խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը)՝ պահպանում են իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայությունը:

 

2. Ի՞նչ հնարավորություններ է տալիս Համաձայնագիրը Հայաստանին:

 

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, ինչպես նաեւ հսկման համակարգեր, որոնք ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: 

 

3. Համակարգում կառավարման ի՞նչ լծակներ ունի Հայաստանի Հանրապետությունը:

 

Համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի տարածքների անջատվածությունը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում ՀՀ պետական սահմանի ներքո առանձնացվում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Այս համակարգի համատեղ գործողությունների կառավարումը իրականացնում է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Նշված հարցերով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ենթարկվում են Հայաստանի Գերագույն հրամանատարին:

 

4. Որո՞նք ենք համակարգում կառավարման Ռուսաստանի Դաշնության լծակները:

 

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունները համակարգում է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը: Սա վերաբերում է միայն այլ ՀՕՊ համակարգերի հետ ՀՕՊ միավորված համակարգին: ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ինքնուրույն կարող են համագործակցել ցանկացած այլ ՀՕՊ համակարգերի հետ, ընտրություն կատարելու հարցում նրանք ազատ են:

 

Ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը. սա այն դեպքում, երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը:

 

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում համաձայնագիրը գործո՞ւմ է:

 

Համաձայնագրում նշված «Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես  Հայաստանի Հանրապետության տարածքի եւ օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Համաձայնագիրը չի գործում եւ, հետեւաբար, այն չի ազդում ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա:

 

6. Ի՞նչով է զբաղվելու Համակարգը խաղաղության ժամանակ:

 

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի եւ պատերազմի ժամանակ:

 

Խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը զբաղվելու է տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպմամբ եւ իրականացմամբ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառման համար մշտապես պատրաստվածության մեջ պահելով եւ այլն:

 

7. Ի՞նչ ժամկետներով է կնքվել Համաձայնագիրը:

 

Համաձայնագիրը կնքվել է 5 տարով: Այն հետագա գործողության 5-ամյա ժամանակահատվածներում ինքնաբերաբար երկարաձգվելու է, եթե կողմերից որեւէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին` հերթական ժամանակահատվածի ավարտից առնվազն 6 ամիս առաջ:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին