Պարզաբանում. Կարեն Կարապետյան - Mediamax.am

exclusive
54917 դիտում

Պարզաբանում. Կարեն Կարապետյան


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը Կարեն Կարապետյանի մասին է:

 

1. Ո՞վ է Կարեն Կարապետյանը:

 

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում: 1970-1980թթ. սովորել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցում: 1980-1985թթ. սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2010-ին՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

 

1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:

 

1996-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր տնօրեն: 2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ:

 

2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:

 

2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ: 2010թ. դեկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երեւանի քաղաքապետ, պաշտոնավարել է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 28-ը:

 

2011 դեկտեմբերին Կարեն Կարապետյանը նշանակվել էր ռուսաստանյան Գազպրոմբանկի առաջին փոխնախագահի պաշտոնում: 2012թ. նոյեմբերին դարձել էր «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` պահպանելով Գազպրոմբանկի առաջին փոխնախագահի պաշտոնը:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

2. Ինչո՞վ է աչքի ընկել Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնում: 

 

Այդ մասին Մեդիամաքսը ծավալուն հրապարակում էր պատրաստել 2011թ. հոկտեմբերին, որը կարող եք կարդալ այս հղումով:

 

3. Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից:

 

Ըստ էության, այդ հարցը անպատասխան է մնացել: Շրջանառվում էին տարբեր վարկածներ, իսկ ինքը՝ Կարեն Կարապետյանը 2011թ. հոկտեմբերի 28-ին ֆեսյբուքյան իր էջում գրել էր.

 

«Որոշումը կայացրել եմ շատ դժվարությամբ, եւ հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով»:

 

«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում Կարեն Կարապետյանը հավելել էր, որ «կարիք չկա հասարակությանը ծանրաբեռնել այդ անձնական պատճառների մանրամասներով»:

 

Այնուհանդերձ, շատերը մնացին այն կարծիքին, որ Կարեն Կարապետյանը ստիպված է հեռացել պաշտոնից: Համենայն դեպս, հրաժարականից ընդամենը մեկ ամիս առաջ, 2011թ. սեպտեմբերի 28-ին, նա ասել էր.

 

«Մենք միանշանակ ճիշտ ճանապարհի վրա ենք, հպարտանալու համար շատ բաներ ունենք, ես համոզված եմ, որ մենք ունենք ֆանտաստիկ ապագա, եւ այն մեր բոլորիս ձեռքերում է, ոչ-ոք մեր փոխարեն չի կառուցելու մեր երկիրը, ոչ-ոք մեր փոխարեն չի բարեկարգելու մեր քաղաքը»:

 

4. Ինչո՞ւ են Կարեն Կարապետյանի մասին խոսելիս հաճախ հիշատակում «դռայվ» բառը:

 

2011թ. ապրիլի 12-ին, ելույթ ունենալով իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսում, Կարեն Կարապետյանն ասել էր, որ իրեն քաղաքական գործիչ չի համարում:  «Ինձ համար շատ հետաքրքիր է այստեղ: Ինչպես ասում են, ես այստեղ դռայվ եմ զգում», - ասել էր քաղաքապետը: Դրանից հետո «դռայվ»-ը սկսեց ասոցացվել Կարեն Կարապետյանի հետ, ընդ որում այդ բառը գործածում էին ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները:

 

5. Ի՞նչ սպասել Կարեն Կարապետյանից:

 

 

Կարեն Կարապետյանը հայտնի է իր լիբերալ տնտեսական հայացքներով: 2011թ, մարտին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում, Կարեն Կարապետյանն ասել էր. «Այն ոլորտները, որոնցում կա բիզնես-տրամաբանություն, պետք է փոխանցել մասնավոր ներդրողին»:

 

«Կան, իհարկե, այսպիսի ֆեոդալական միտումներ` որքան շատ բնագավառներ, ոլորտներ կամ ընկերություններ ես վերահսկում, ղեկավարում կամ կառավարում, այնքան ուժեղ ես դառնում: Դա բացարձակ այդպես չէ: Ավելին, մենք պատրաստ ենք մասնավոր ընկերությունների կառավարմանը հանձնել մեր 100-տոկոսանոց դուստր ընկերությունները»,- ասել էր Երեւանի քաղաքապետը:

 

«Վստահ եմ, որ ուժեղ կառավարչին կամ թիմին, որը վստահ է իր իրավացիության մեջ, չպետք է արհեստականորեն իրավացիություն ապացուցել «մկանները գործադրելու» հաշվին»,- նկատել էր Կարեն Կարապետյանը:

 

«Բիզնեսի կառավարման դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են: Անհրաժեշտ է անպայման ստեղծել մի համակարգ, որում մարդիկ կվաստակեն օրինական հիմունքներով: Կոռուպցիայի դեմ ցանկացած պայքար ենթադրում է հիմնական խնդրի լուծում: Եթե դու դա չես լուծում, կոռուպցիան արմատախիլ չի լինում: Եթե հնարավորություն չես տալիս օրինական աշխատելու, յուրաքանչյուրը որոնում է, թե ինչպես դա ինքնուրույն անի»,- ասել էր Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին