Պարզաբանում. Օբամայի 8 տարիները եւ հայկական թեմաները - Mediamax.am

exclusive
7160 դիտում

Պարզաբանում. Օբամայի 8 տարիները եւ հայկական թեմաները


Բարաք Օբաման
Բարաք Օբաման

Լուսանկարը` REUTERS


Հունվարի 20-ին Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնը կփոխանցի Դոնալդ Թրամփին: «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը Օբամայի նախագահության 8 տարվա եւ այդ ընթացքում Հայաստանի եւ հայերի հետ նրա առնչությունների մասին է:

 

1. Ո՞րն էր հայերի ամենամեծ սպասելիքը Բարաք Օբամայից:

 

2006 թվականին, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը հետ կանչվեց genocide բառն օգտագործելու համար, Բարաք Օբաման քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի քաղաքականությունը: «Հայերի ցեղասպանությունը ոչ պնդում է, ոչ էլ անձնական կարծիք կամ տեսակետ, այլ պատմական վկայություններով արձանագրված փաստ»,- հայտարարել էր նա:

 

2008թ. քարոզարշավի ընթացքում Բարաք Օբաման խոստացավ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա ստացավ ԱՄՆ հայկական համայնքի աջակցությունը, սակայն ընտրվելուց հետո այդպես էլ երբեք չարտասանեց «ցեղասպանություն» բառը եւ ապրիլի 24-ի ուղերձներում 1915թ. հայերի կոտորածներն հիմնականում անվանում էր «Մեծ եղեռն»:

 

«Մեծ Եղեռնի զոհերին անհնար է վերադարձնել։ Սակայն վերջին 94 տարիներին հայության ներդրած ավանդը վկայում է հայ ժողովրդի տաղանդի, կարողությունների եւ տոկունության մասին, ինչպես նաեւ վերջնական պատասխանն է բոլոր նրանց, ովքեր փորձել են ոչնչացնել հայերին»,- ասել էր Օբաման 2009թ. ապրիլի 24-ի իր ուղերձում։

 

2011թ. մարտին ՀՀ նախագահը Շվեյցարիայում հայտարարեց, որ անձամբ դիմել է Բարաք Օբամային՝ խնդրելով արտասանել «ցեղասպանություն» եզրը: ԱՄՆ նախագահը սակայն այդ տարի խուսափեց G-բառից եւ ասաց.

 

«Ես հետեւողականորեն ասել եմ, որ իմ կարծիքը 1915 թվականի իրադարձությունների եւ պատմության վերաբերյալ չեն փոփոխվել: Փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչումը բխում է մեր ընդհանուր շահերից: Վիճարկվող պատմությունն ապակայունացնում է ներկան»։

 

2012թ. ընտրություններում ԱՄՆ հայկական համայնքը հայտարարեց, որ չի աջակցելու ո՛չ Օբամային, ո՛չ Ռոմնիին:

 

Շատերը սպասում էին, որ Օբաման genocide կասի գոնե Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ժամանակ, բայց ապարդյուն. «100-րդ տարելիցը կարեւոր պահ է, որը կոչ է անում բոլորին հիշել պատմական հիշողության կարեւորությունը, ինչպես նաեւ անցյալի հետ հաշվի նստելու բարդ, սակայն անհրաժեշտ քայլի մասին»:

 

2. Ո՞րն էր Օբամայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում:

 

2009-ի ապրիլին Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալով, Բարաք Օբաման ասել էր. «Ես գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում` կապված 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ։ Հայ եւ թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի վրա` թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը։ Ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք` Միացյալ Նահանգները միանշանակ սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ։ Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ` նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը»:

 

Այդ այցի ընթացքում ԱՄՆ նախագահը, Թուրքիայի նախագահի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ չի փոխել իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 

3. Ի՞նչ դիրքորոշում ուներ Բարաք Օբաման ԱՄՆ-Հայաստան կապերի վերաբերյալ:

 

Բարաք Օբամայիˋ ՀՀ նախագահին ուղղված վերջին պաշտոնական ուղերձը եղել է 2016-ի սեպտեմբերի 21-ինˋ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված էր.

 

«Միացյալ Նահանգները հաստատուն եւ աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրերի խոստմանը, երբ հայերը 1920թ-ից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Այսօր մենք կրկին փաստում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի եւ առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու եւ գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը»:

 

4. Քանի՞ անգամ են հանդիպել Բարաք Օբաման եւ Սերժ Սարգսյանը:

 

2010թ. ապրիլի 11-ից 13-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Վաշինգտոնում մասնակցեց Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի աշխատանքներին: Ապրիլի 12-ին կայացել էր նրա հանդիպումը Բարաք Օբամայի հետ:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

ՀՀ եւ ԱՄՆ նախագահները կարճ հանդիպում էին ունեցել նաեւ 2015թ. սեպտեմբերի 30-ին Նյու Յորքում: Հանդիպման առիթը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությունն էր:

 

5. Ի՞նչ քայլեր կատարեց Օբաման ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:

 

2009թ. հուլիսի 10-ին իտալական Լ’Ակվիլա քաղաքում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւը եւ Նիկոլա Սարկոզին ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում մասամբ հրապարակվեցին 2007թ. միջնորդների կողմից բանակցող կողմերին ներկայացված Մադրիդյան սկզբունքները:

 

ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների հաջորդ հայտարարությունն ընդունվեց 2010թ. հունիսին Կանադայի Մուսկոկա քաղաքում, որում կողմերն աջակցություն հայտնեցին Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։

 

2011թ. մայիսի վերջին երեք նախագահները Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ընդունված հայտարարությունում կոչ արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ավարտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը եւ ընդունել դրանք հունիսին սպասվող հանդիպման ժամանակ:

 

2011թ. հունիսի 23-ին, Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Սերժ Սարգսյանն ու Բարաք Օբաման հեռախոսազրույց ունեցան՝ վերջինիս նախաձեռնությամբ:

 

2012թ. հունիսի 18-ին մեքսիկական Լոս-Կաբոս հանգստավայրում եւ 2013թ. հունիսին  Հյուսիսային Իռլանդիայի Էնիսկիլեն քաղաքում ընդունված հայտարարություններում Օբաման, Պուտինն ու Օլանդը վերահաստատեցին միջնորդ պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գաղափարին:

 

2016թ. հուլիսի 6-ին Օբաման եւ Պուտինը հեռախոսազրույց ունեցան եւ քննարկեցին հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման արդյունքները:

 

6. Ո՞ր հայն է կատարել Բարաք եւ Միշել Օբամաների պատմական լուսանկարը:

 

ԱՄՆ նախագահ վերընտրվելուց հետո Բարաք Օբաման իր Թվիթերում գրեց` «4 more years» եւ տեղադրեց լուսանկար, որում նա սիրով գրկում է իր տիկնոջը` Միշելին: Այդ նկարը դարձավ Օբամայի հաղթանակի խորհրդանիշը եւ re-tweet արվեց ավելի քան 800 հազար անգամ, իսկ Facebook-ում հավաքեց ավելի քան 4.4 մլն «like» ու 582 հազար «share»` սահմանելով ինտերնետի նոր ռեկորդ:

Լուսանկարը` Scout Tufankjian for Obama for America

Նկարի հեղինակը հայազգի լուսանկարիչ Սքաութ Թուֆանկջյանն է (Scout Tufankjian): Ինտերնետի պատմության ընթացքում ամենահանրաճանաչ դարձած լուսանկարի հեղինակը Մեդիամաքսին տված հարցազրույցում պատմել էր, որ լուսանկարն արված է Այովա նահանգի Դուբյուք քաղաքում եռօրյա ավտոբուսային շրջագայության վերջին օրը: Առաջին տիկինը բացակայում էր շրջագայության առաջին երկու օրերին, եւ իրենք նախագահի հետ չէին տեսել միմյանց ճիշտ մինչեւ այն պահը, որը պատկերված է լուսանկարի վրա:

 

Տաթեւ Հովհաննիսյան, Սիրանուշ Եղիազարյան, Մարի Թարյան, Նարինե Դանեղյան, Սիրանուշ Սիմոնյան, Լենա Գեւորգյան, Մարիամ Մանոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին