Ճարտարապետների պալատ` pro et contra - Mediamax.am

exclusive
5024 դիտում

Ճարտարապետների պալատ` pro et contra


Կարեն Բալյանը
Կարեն Բալյանը

Լուսանկարը` Բուն TV

Լուսանկարը` Ա. Հարությունյան

Լուսանկարը` Ezra Millstein

Լուսանկարը` Lea from Armenia


2016թ.-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել եւ Ազգային ժողովի քննարկմանն է ուղարկել դրել «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել Ճարտարապետների պալատ: Մեդիամաքսի «Պարզաբանում» խորագիրը պատասխանել է նոր օրենքի եւ Պալատի ստեղծման շուրջ հարցերին:

 

1. Ո՞րն է նոր օրենք ընդունելու նպատակը:

Օրենքի նախագծում նշվում է, որ ճարտարապետական ստեղծագործությունը, շինությունների հարմարավետությունը, հուսալիությունն ու որակը հանրային նշանակություն ունեն, եւ այդ գործառույթները ստանձնելիս ճարտարապետը պետք է օժտված լինի բավարար փորձառությամբ, մասնագիտական հմտությամբ եւ կրի համաչափ պատասխանատվություն:

 

Օրենքի համահեղինակ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կարեւորել է միասնական օրենքի առկայությունը, որով «խաղի նույն կանոնները կսահմանվեն դաշտում գործող բոլոր ճարտարապետների համար»:

 

Ըստ հեղինակների` այս օրենքը նպատակ ունի ինչպես պաշտպանել ճարտարապետների իրավունքներն, այնպես էլ նրանց բերել պատասխանատվության դաշտ:

 

Ճարտարապետ Կարեն Բալյանը, սակայն, այլ կարծիքի է: Փետրվարի 3-ին «Հրապարակ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում նա ասել է, որ չի տեսնում որեւէ պատճառ, որով օրենքը պետք է ճարտարապետության որակը բարձրացնի, ավելին` տեսնում է բազմաթիվ վտանգներ:

Կարեն Բալյանը Կարեն Բալյանը

Լուսանկարը` Բուն TV

«Նախ այն, որ մենաշնորհ է մտնում: Մենք այդ բազմազանությունը չենք ունենալու, ուրիշ բան որ միությունը չունեցավ ոչ մասնագիտական ներուժ, ոչ էլ կռվաններ, որ կիրառեր եւ դադարեցներ այս ամբողջ իրավիճակը: Մենք սովոր ենք, որ մեզ վերեւից միշտ ցույց է տրվել, թե ինչ ճարտարապետություն պետք է ստեղծվի, այսօրվա պալատն այդ նույն ճանապարհով է գնում, այդ միտումն արդեն տեսնում ենք»,- ասել է նա:

 

2. Ինչու եւ ի՞նչ գործառույթներով է ստեղծվում Ճարտարապետների պալատը:

 

Այսօրվա Ճարտարապետների միությունը հասարակական կազմակերպություն է եւ իր անդամների իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվում: Ճարտարապետների պալատին օրենքով տրվում են լիազորություններ ներկայացնելու եւ պաշտպանելու իր եւ իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

 

Մյուս կողմից, ինչպես նշել է օրենքի համահեղինակ Բորիս Քոչարյանը, ի տարբերություն միության, պալատն իրավասու կլինի իր վրա վերցնել շրջակա միջավայրի ստեղծման վերաբերյալ ողջ պատասխանատվությունը:

 

Պալատը պետք է դառնա մարմին, որն իրականացնում է ճարտարապետների (ճարտարագետ-կոնստրուկտորների) արտոնագրման, հավատարմագրման, արտոնագրի կասեցման եւ դադարեցման գործառույթները:

Լուսանկարը` Lea from Armenia

Ճարտարապետների պալատը, ըստ օրենքի նախագծի, մշակում եւ հաստատում է ճարտարապետների մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնները, հսկողություն է իրականացնում այս կանոնների պահպանման նկատմամբ, վարկանիշավորում է ճարտարապետներին եւ նախագծային կազմակերպություններին:

 

Ինչ վերաբերում է էթիկայի կանոնների հաստատմանը, ապա, ճարտարապետ Կարեն Բալյանը «Հրապարակ»-ին ասել է. «Եթե էթիկա նշանակում է քննադատության իրավունքից զրկել, իսկ այսպիսի ցանկություն կա, եւ պալատի ստեղծման իրական կողմերից մեկն էլ դա է, կարծում եմ` պալատի մեջ չի լինի քննադատություն, քանի որ շահ չկա քննադատելու մյուսին, բոլորը նույն գործով են զբաղված, եւ բոլորի նպատակն է իր նախագիծը հասցնել իրականացման»:

 

3. Ինչպե՞ս է ձեւավորվում եւ ի՞նչ մարմիններ է ունենում Ճարտարապետների պալատը:

 

Պալատի անդամ կարող են լինել մասնագիտական գործունեություն իրականացնող արտոնագրված ճարտարապետները եւ ճարտարագետ-կոնստրուկտորները:

 

Ընդհանուր ժողովը Ճարտարապետների պալատի կառավարման բարձրագույն մարմինն է, որին լիազորվում է ընտրել Պալատի նախագահին եւ Պալատի խորհրդի անդամներին (առնվազն 12 մարդ):

 

Ճարտարապետների պալատի կառավարման մարմիններն են` ընդհանուր ժողովը, խորհուրդը եւ նախագահը` լիազորությունների առավելագույնը չորս տարի ժամկետով:

 

Պալատի նախագահը Ճարտարապետների պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է եւ խորհրդի նախագահը։ Նա առաջադրվում է առնվազն 15 տարվա մասնագիտական գործունեության ստաժ ունեցող անդամների կազմից, ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

 

Անդրադառնալով պալատին անդամակցության հարցին, Կարեն Բալյանն ասել է, որ իրեն մտահոգում է երիտասարդ ճարտարապետների հարցը:

 

«Գործող ճարտարապետների զգալի մասը դուրս է մնում այդ պրոցեսից, եւ երիտասարդն էլ իր մուտքի տոմսը կարող է գնել` միայն համապատասխանելով պալատի սկզբունքներին: Մեր այսօրվա վիճակում նման բան ստեղծել` նշանակում է հիմնավորել այն, ինչ ստեղծել ենք վերջին քառորդ դարում»,- ասել է նա` ընդգծելով, որ ճարտարապետությունն այսօր պահանջ ունի ամբողջովին փոխվելու եւ արդիականացվելու: 

Լուսանկարը` Ezra Millstein

Կարեն Բալյանի խոսքով` պալատը մի հարվածով իրենից դուրս է թողնում ճարտարապետների մի զգալի զանգված: Նա այն կարծիքին է, որ պալատը պետք է լինի միայն ու միայն միության մեջ, «որովհետեւ պալատի անդամները թվով սահմանափակ ճարտարապետներ են, միայն նրանք, ովքեր գործնական նախագծողներ են, բայց մենք ունենք նաեւ այլ բնույթի մասնագետներ` պատմաբան կամ տեսաբան ճարտարապետներ եւ այլն»:

 

«Գուցե, միությունը պետք է ընդլայնվի, օրինակ` սոցիոլոգներ, պատմաբաններ հրավիրի կազմ, որպեսզի կարողանա բազմակողմանի քննարկել ստեղծված ճգնաժամային իրավիճակն ու դրանից դուրս գալու ուղիները»,- ասել է ճարտարապետը «Հրապարակ»-ին:        

 

4. Ի՞նչ լծակներ կունենա Պալատը:   

 

Պալատը խորհրդատվական բնույթ է ունենալու, բայց կարող է պարտավորեցնել արտոնագրված ճարտարապետներին պահպանել քաղաքաշինության բոլոր կանոնները: Ըստ օրենքի հեղինակների, այսպիսով` հնարավոր կլինի խուսափել ապագա մեծ սխալներից:

 

Պալատը ներկայացված հայտերի ու հարցումների հիման վրա մասնագիտական կարծիք կտա Հայաստանի Հանրապետության, մարզերի, համայնքների եւ բնակավայրերի համար մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ:

 

Այն նաեւ մասնագիտական եզրակացություն կներկայացնի օրենսդիր եւ գործադիր մարմիններում քննարկվող, քաղաքաշինության օրենսդրությանը վերաբերող նախագծերին, կմասնակցի ճարտարապետների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը եւ քննարկմանը:

 

5. Իրավական ի՞նչ հնարավորություններ է տալիս օրենքը ճարտարապետներին:

 

Օրենքով սահմանվում է, որ կառուցվող օբյեկտի շինարարության ընթացքում ճարտարապետն իրավունք ունի իրականացնել հեղինակային հսկողություն, մասնակցել ավարտված օբյեկտի ընդունմանը, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությանը, տրամադրել խորհրդատվություն` ճարտարապետության եւ շինարարության մեջ ներդրումային ծրագրերի իրականացման, նախագծման, շինարարության, ձեւավորման (դիզայնի) եւ այլ մասնագիտական հարցերով:

 

6. Ինչպես է ճարտարապետը պաշտպանվում կառուցապատողի կամայականություններից:

 

Նախագծում սահմանված է, որ ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս իրավունք չունի կատարել կառուցապատողի (պատվիրատուի) նախագծային առաջադրանքի պահանջները, եթե դրանք հակասում են ՀՀ օրենսդրության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, տարածական պլանավորման փաստաթղթերի կամ նախագծման թույլտվության պահանջներին կամ ելակետային տվյալներին: 

 

«Շատերին թվում է, որ պալատն այն է, ինչն իրենց կպաշտպանի եւ կկարգավորի ճարտարապետական խնդիրները: Մարդիկ մտածում են` գոնե ամուր մի օղակ լինի, որն օրենքի ուժ ստանա: Սա արտաքին կողմն է միայն: Նախ, ինչո՞ւ պետք է դա աշխատի, ի՞նչն է փոխվելու, փոխվելու է, արդյո՞ք, պատվիրատուից կախված լինելը, եթե մենք չունենք սահմանափակով որեւէ կարգավիճակ: Ինչ կապ ունի` առանձին ճարտարապետ է, թե պալատի անդամ:  Բոլոր խոշոր կառույցները, որոնք միանշանակ, անհաջող են, կառուցված են պրոֆեսիոնալների կողմից, որոնք սխալներ են թույլ տվել: Ուրեմն ինչո՞ւ պետք է այդ նույն մարդիկ փոխվեն»,- ասել է Կարեն Բալյանը «Հրապարակ» օրաթերթին:

 

7. Օրենքով ի՞նչ պատասխանատվության կարող է ենթարկվել ճարտարապետը:

 

Պալատի կողմից արտոնագրված ճարտարապետը (ճարտարագետ-կոնստրուկտորը) կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել օրենքի եւ Պալատի կանոնադրության պահանջները խախտելու, իր մասնագիտական պարտականությունները չկատարելու համար: Ճարտարապետը կարգապահական պատասխանատվություն է կրում նաեւ մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնների խախտման համար:

Լուսանկարը` Ա. Հարությունյան

Կարգապահական վարույթը հարուցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, ստացված գրավոր հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա:

 

Կարգապահական խախտման համար ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) նկատմամբ կարող են նշանակվել կարգապահական տույժեր` նկատողությունից մինչեւ արտոնագրի գործողության դադարեցում եւ միավորման անդամությունից հեռացում:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին