Մերկելը եւ Հայաստանը - Mediamax.am

exclusive
11450 դիտում

Մերկելը եւ Հայաստանը


Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը Բեռլինում 2016թ. ապրիլի 6-ին
Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը Բեռլինում 2016թ. ապրիլի 6-ին

Լուսանկարը` REUTERS

Անգելա Մերկելը եւ Ռեջեփ Էրդողանը
Անգելա Մերկելը եւ Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS

Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը Բեռլինում 2016թ. ապրիլի 6-ին
Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը Բեռլինում 2016թ. ապրիլի 6-ին

Լուսանկարը` REUTERS

Հայաստանի նախագահը դարձել է Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը, գրում է Spiegel-ը
Հայաստանի նախագահը դարձել է Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը, գրում է Spiegel-ը

Լուսանկարը` REUTERS


1.Ե՞րբ եւ որտե՞ղ են Հայաստանի առաջնորդները հանդիպել Անգելա Մերկելի հետ:

 

2003 թվականի հունվարին աշխատանքային այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ընդդիմության ներկայացուցչին՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Անգելա Մերկելին:

 

Քոչարյանի եւ Մերկելի հաջորդ հանդիպումը կայացավ 2006 թվականի նոյեմբերին, երբ վերջինս արդեն դաշնային կանցլեր էր: Այդ ժամանակ երկու երկրների առաջնորդները հայտարարեցին, որ երկկողմ հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են, իսկ Գերմանիայի կառավարությունը եւ անհատ ներդրողները կարեւոր դեր են խաղում Հայաստանում տարբեր տնտեսական ծրագրերի իրականացման գործում:

 

2009 թվականի փետրվարին Մյունխենում Անգելա Մերկելի հետ հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն տարվա մայիսին Հայաստանի եւ Գերմանիայի առաջնորդները շփվեցին Պրահայում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, եւ Մերկելը Սարգսյանին իր աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:   

 

Մերկելի եւ Սարգսյանի հաջորդ հանդիպումը կայացավ 2010 թվականի հունիսին Բեռլինում: Այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ հայտարարություններ է անում, վտանգի տակ դնելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլեւ տարածաշրջանի կայունությունը:

 

2015 թվականի մայիսին Սերժ Սարգսյանը եւ Անգելա Մերկելը հանդիպել էին Ռիգայում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: Նրանց վերջին հանդիպումը կայացավ Բեռլինում ՝ 2016 թվականի ապրիլի 6-ին, Ապրիլյան պատերազմի ավարտից մեկ օր անց: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն արեց հայտնի «մենք կռվում ենք 80-ականների զենքերով» արտահայտությունը:

 

2. Ի՞նչ է ասել Մերկելը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

 

2016թ. ապրիլին ելույթ ունենալով ՀՀ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւոր դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, եւ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, միջնորդների հետ միասին կփորձի արագացնել հակամարտության գոտում ամուր հրադադարի հաստատման գործընթացը :

Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը Բեռլինում 2016թ. ապրիլի 6-ին Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը Բեռլինում 2016թ. ապրիլի 6-ին

Լուսանկարը` REUTERS

Մերկելը հակամարտության կողմերին կոչ էր արել վերադառնալ բանակցային սեղանին: «Հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է բոլոր երկրների շահերից, մասնավորապես՝ Հայաստանի, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը»,-  ասել էր Գերմանիայի կանցլերը:

 

3. Ի՞նչ դիրքորոշում ուներ Մերկելը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

 

2015 թվականի մայիսին Ռիգայում Մերկելի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը երախտագիտություն էր հայտնել Գերմանիայի ղեկավարությանը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում ունեցած դիրքորոշման համար:

 

2016 թվականի հունիսին, երբ Բունդեսթագը քննարկում էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, Մերկելն ասում էր, որ Գերմանիան պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում կատարված դեպքերի իմաստավորման տեսանկյունից:

 

Մերկելն այդ մասին հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցին:

Անգելա Մերկելը եւ Ռեջեփ Էրդողանը Անգելա Մերկելը եւ Ռեջեփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS

«Գերմանիային եւ Թուրքիային շատ բան է միավորում: Այդ պատճառով ես եւ Գերմանիայի ամբողջ կառավարությունը մտադիր ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման մեջ»,- ասում էր Մերկելը:

 

2016 թվականի սեպտեմբերին Մերկելը հայտարարեց, որ չի պատրաստվում «ետ քաշվել» հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչեց որպես Ցեղասպանություն:

 

«Խորհրդարանում Քրիստոնյա-դեմոկրատների ղեկավար Ֆոլկեր Կաուդերը իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մերկելի հետ խոսել է այդ թեմայով: Մերկելը ընդգծել է, որ ինքը Բունդեսթագի քվեարկության նախորդած

կուսակցության ժողովին քվեարկել է այդ բանաձեւի օգտին, չնայած ներկա չի գտնվել հունիսին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը»,- հաղորդում էր Reuters-ը:

 

4. Ինչպե՞ս Հայաստանի նախագահը դարձավ Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը:

 

2013 թվականի դեկտեմբերին Spiegel International-ը գրում էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում դարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը:

Հայաստանի նախագահը դարձել է Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը, գրում է Spiegel-ը Հայաստանի նախագահը դարձել է Մերկելի եւ Յանուկովիչի կոշտ խոսակցության ականատեսը, գրում է Spiegel-ը

Լուսանկարը` REUTERS

«Նրանք հավաքվել էին տոնական սեղանի շուրջ ԵՄ եւ Արեւելյան երկրների ղեկավարների հետ: Ուկրաինայի նախագահը սկսեց մենախոսությունը մի կողմից Եվրոպայի եւ մյուս կողմից Ռուսաստանի հետ իր երկրի բարդ հարաբերությունների մասին: Սակայն մի պահ եկավ, երբ Մերկելը ընդհատեց Յանուկովիչին եւ առանց ավելորդ քաղաքավարության ասաց նրան, որ կարող է վերջացնել այդ խոսակցությունը: «Միեւնույն է, դուք ոչինչ չեք ստորագրելու», - կոշտ ասաց նա: Մերկելի կողքին նստած Հայաստանի նախագահը զարմացած նրան նայեց», - գրում էր Spiegel International-ը:

 

5. Արդյո՞ք Անգելա Մերկելը այցելել է Հայաստան խորհրդային տարիներին:

 

Երեւանում խոսում են այն մասին, որ ԳԴՀ քաղաքացի Անգելա Մերկելը որպես զբոսաշրջիկ այցելել է Խորհրդային Հայաստան: Այս տեղեկությունը հաստատված չէ:

 

2016 թվականին Մեդիամաքսը բարձրացրեց այս հարցը Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ հարցազրույցում, ով հարցին այսպես պատասխանեց.

 

«Որեւէ հստակ տեղեկություն այս մասին չունեմ: Նա գիտնական է, ֆիզիկոս, եւ հնարավոր է, որ ուսանողական տարիներին եղած լինի այստեղ: Կանցլեր Մերկելը շատ հետաքրքրասեր անձ է, հետաքրքրվում է այլ մշակույթներով, այնպես որ, կարող եմ պատկերացնել, որ նա այստեղ եղած լինի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին