exclusive
10390 դիտում

Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստում


Լուսանկարը` REUTERS


ՀՀ առողջապահության նախարարությունը 2017 թվականի դեկտեմբերից Հայաստանի ողջ տարածքում 13 տարեկան աղջիկների շրջանում  իրականացնելու է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներ: Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի («ԳԱՎԻ») ներկայացրած ծրագրային առաջարկի համաձայն ՝ նախատեսվում էր ՄՊՎ դեմ պատվաստումները սկսել 2017 թվականի սեպտեմբերից, սակայն դրանք հետաձգվեցին՝ հանրության մոտ առաջացած մտահոգությունները փարատելու եւ նախապատրաստական աշխատանքները լիարժեք ապահովելու համար:

Վերջին շրջանում հրապարակումներ եւ ելույթներ եղան այն մասին, որ այդ պատվաստումները վտանգավոր են եւ ունեն կողմնակի ազդեցություններ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պատվաստվածների շրջանում եղել են անպտղության, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների, վիժումների, մկանային ցնցումների, նյարդային համակարգի խանգարումների, արյան ճնշման փոփոխությունների, գլխացավերի, հոդացավերի դեպքեր:

 «Պարզաբանում» խորագրի հերթական հրապարակումը պատասխանում է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների վերաբերյալ հանրությանը հուզող մի շարք հարցերի: Այն պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա:

1.    Ի՞նչ է ՄՊՎ-ն եւ ինչո՞ւ  է ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կոչվում արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստում:

Մարդու պապիլոմավիրուսը կամ ՄՊՎ-ն տարածված վիրուս է, որը փոխանցվում է մաշկ-մաշկ շփման միջոցով, հիմնականում սեռական ճանապարհով: ՄՊՎ-ով վարակված անձանց մեծամասնության մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների եւ հիմնականում առաջին մի քանի տարիների ընթացքում ոչնչացվում է օրգանիզմի կողմից:

Ներկայում հայտնի ՄՊՎ տեսակներից 15-ը դասակարգվում են որպես բարձր ռիսկի, 3-ը` որպես հնարավոր բարձր ռիսկի եւ 12-ը` ցածր ռիսկի տեսակներ: Այս պատվաստանյութը նախատեսված է բարձր ռիսկի պապիլոմավիրուսի դեմ, որը կանանց մոտ կարող է առաջացնել արգանդի պարանոցի քաղցկեղ: Արգանդի պարանոցի քաղցկեղը իր տարածվածությամբ կանանց շրջանում երկրորդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։

ՄՊՎ-ն առաջացնում է նաեւ սեռական գորտնուկներ, ինչպես արգանդի պարանոցի, այնպես էլ այլ սեռական օրգանների քաղցկեղ, նաեւ՝ ըմպանի, կոկորդի քաղցկեղ, վերին շնչուղիների պապիլոմատոզ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ արգանդի քաղցկեղի առաջացման պատճառը 100% դեպքերում համարվում է մարդու պապիլոմավիրուսը: ՄՊՎ-ի հարուցած հիվանդությունների շարքում արգանդի պարանոցի քաղցկեղը կազմում է 45%:

Կանխարգելելով ՄՊՎ վարակը օրգանիզմում` կանխվում է արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը, այդ պատճառով էլ այս պատվաստանյութն անվանում են նաեւ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ:

2.    Անվտա՞նգ են արդյոք պատվաստումները եւ ո՞ր երկրներն ունեն ՄՊՎ-ի դեմ պատվաստումներ իրականացնելու փորձ:

Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի ավելի քան 70 երկրում (ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան ներառյալ), այդ թվում եվրոպական 33 երկրում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում եւ այլն, իրականացվել է մոտ 270 մլն դեղաչափ ՄՊՎ-ի դեմ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են համոզիչ փաստարկներ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անվտանգության եւ արդյունավետության վերաբերյալ:

ԱՀԿ Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը (ՊԱԳԽՀ) ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ անվտանգության տվյալներն առաջին անգամ վերանայել է 2007թ., այնուհետեւ հաջորդաբար՝ 2008, 2009, 2013, 2014 եւ 2015 թվականներին: Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ հավաքագրված տվյալները վկայում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են:

Նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներից պատվաստումներ կատարվում են Լատվիայում, Լիտվայում, Թուրքմենստանում, Ռուսաստանի Դաշնությունում: 2017թ. նախատեսվում է պատվաստումների ներդրում Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում:

Ս.թ. հոկտեմբերին ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, դժգոհություններն ու տարատեսակ շահարկումները բացառելու նպատակով հավաստիացրեց, որ պատվաստանյութն առաջինը կստանան առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմի անդամների դուստրերը եւ թոռները:

3.    Ինչո՞ւ են պատվաստման համար ընտրված 13 տարեկան աղջիկները եւ արդյո՞ք պատվաստումը պարտադիր է:

Համաձայն ԱՀԿ տվյալների, պատվաստումներն ավելի արդյունավետ են, եթե կատարվում են դեռահասության շրջանում՝ 9-14 տարեկանում` մինչեւ սեռական կյանքի սկիզբը եւ պապիլոմավիրուսի հետ հանդիպումը: Հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, ՀՀ-ում նախատեսվում է պատվաստումները կատարել 13 տարեկան աղջիկների շրջանում:

ՀՀ-ում բոլոր պատվաստումներն իրականացվում եմ բժշկական հակացուցումներ չունեցող անձանց, անչափահասների դեպքում՝ ծնողների կամ խնամակալի, անգործունակ ճանաչված անձանց դեպքում՝ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում: Եթե ծնողը չցանկանա պատվաստել իր երեխային, ապա պետք է ներկայացնի գրավոր հրաժարական:

4.    Ի՞նչ պատվաստանյութ է օգտագործվելու, ինչպիսի՞ ռեակցիաներ կարող են լինել պատվաստումից հետո:

Հայաստանում կիրառվելու է ամերիկյան Merck&Co.,Inc դեղագործական ընկերության արտադրության «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութը: Այն ռեկոմբինանտ պատվաստանյութ է եւ իրենից ներկայացնում է օնկոգեն շճատիպերի L1 կապսիդային մաքրված սպիտակուցներ, չի պարունակում հակաբիոտիկներ, կոնսերվանտներ, կենդանի վիրուսներ, հետեւաբար, չի կարող հարուցել քաղցկեղ: 

2011թ. ԱՄՆ-ում ներարկվել է ընդհանուր առմամբ 35 մլն դեղաչափ «Գարդասիլ» տեսակի պատվաստանյութ: Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի հաղորդման VAERS համակարգում գրանցվել է 18 727(0.1%) հետպատվաստումային անբարեհաջող դեպք: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնների տվյալներով՝ չի նկատվել հետպատվաստումային ծանր դեպքերի որեւէ անսովոր օրինաչափություն կամ խմբավորում, որը թույլ կտար ենթադրել, որ դրանք կապված են պատվաստման հետ: Որոշ դեպքերում գրանցված մահվան պատճառը ոչ մի կապ չունի պատվաստման հետ:

Պատվաստանյութի կիրառումից հետո կատարված դիտարկումները ցույց են տվել, որ արձանագրված ընդհանուր անբարեհաջող դեպքերը սովորաբար ունեն թեթեւ կլինիկական ընթացք եւ անցնում են ինքնաբերաբար: Ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քոր: Ընդհանուր ռեակցիաներն են՝ գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլության, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան:

Արձանագրվել են նաեւ ուշաթափության դեպքեր, որոնք անհատական են եւ կրում են փսիխոմատիկ բնույթ՝ պայմանավորված ներարկման վախով: Ծանր ռեակցիաներից անաֆիլաքսիան զարգանում է 1.7 մլն պատվաստվածից մեկի մոտ:

5.    Ո՞ւմ է հակացուցված պատվաստումը:

ՄՊՎ-ի դեմ պատվաստումների հակացուցումներն են՝ գերզգայունությունը նույն պատվաստանյութի նախորդ դեղաչափից կամ պատվաստանյութի որեւէ բաղադրիչի նկատմամբ, սուր հիվանդությունը կամ քրոնիկ հիվանդության սրացումը:

Անվտանգության նկատառումներով ցանկալի է, որ կանայք հղիության ընթացքում չպատվաստվեն:

Պատրաստեց Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am