Պուտինն ու Հայաստանը. փաստեր եւ հայտարարություններ - Mediamax.am

exclusive
16519 դիտում

Պուտինն ու Հայաստանը. փաստեր եւ հայտարարություններ


Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 2013 թվականին
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը 2013 թվականին

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւը ու Վլադիմիր Պուտինը
Իլհամ Ալիեւը ու Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը 2000 թվականին
Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը 2000 թվականին

Լուսանկարը` REUTERS

Վլադիմիր Պուտինը Երեւանում 2015թ. ապրիլի 24-ին
Վլադիմիր Պուտինը Երեւանում 2015թ. ապրիլի 24-ին

Լուսանկարը` REUTERS

Վլադիմիր Պուտինը Երեւանում 1999թ. հոկտեմբերի 30-ին
Վլադիմիր Պուտինը Երեւանում 1999թ. հոկտեմբերի 30-ին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Գյումրիում 2013 թվականին
Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Գյումրիում 2013 թվականին

Լուսանկարը` REUTERS


2018 թվականի մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ: Այս առիթով որոշեցինք վերհիշել Հայաստանի հետ կապված Պուտինի գործունեության մի քանի դրվագներ:

 

1.    Ե՞րբ Պուտինն առաջին անգամ այցելեց Հայաստան:

 

Այցը տեղի ունեցավ Հայաստանի Ազգային Ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

 

1999 թվականի հոկտեմբերի 30-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Երեւանում հարգանքի տուրք մատուցեց ահաբեկչության զոհերի հիշատակին:

Վլադիմիր Պուտինը Երեւանում 1999թ. հոկտեմբերի 30-ին Վլադիմիր Պուտինը Երեւանում 1999թ. հոկտեմբերի 30-ին

Լուսանկարը` REUTERS

«Հոկտեմբերի 8-ին պատիվ եմ ունեցել Մոսկվայում հանդիպել Վազգեն Սարգսյանին, նրա հետ զրուցել ենք այնպիսի բաների շուրջ, որոնք կարող են հասարակ եւ տրիվիալ թվալ՝ այն մասին, ինչպես մերձեցնել մեր հարաբերությունները, ինչպես չկորցնել այն, ինչ դարերով միավորել է Հայաստանն ու Ռուսաստանը: Ես գիտեմ, որ Հայաստանում շատ են Ռուսաստանի բարեկամները, սակայն այս կորուստը մեզ համար անդառնալի է»,- ասել էր ՌԴ կառավարության ղեկավարը:

 

2.    Ի՞նչ էր ասում Պուտինը ԼՂ կարգավորման մասին:

 

2000 թվականի սեպտեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ասել էր.

 

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը առանձնահատուկ իրավունքներ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք հստակ տեսնում ենք այն սահմանները, որոնք չպետք է անցնի Ռուսաստանը ցանկացած, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ես շատ հաճախ լսում եմ, որ ցանկության դեպքում Ռուսաստանը անհապաղ կկարգավորի ղարաբաղյան հակամարտությունը: Համաձայն չեմ նման պնդումների հետ եւ դրանք համարում եմ կայսերապաշտ մտածելակերպի մնացուկ»:

 

Հատկանշական է, որ 2000 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ «հայ հասարակությունը առանձնապես ոգեշնչված չէ այն հանգամանքից, որ Ռուսաստանի նախագահը նախ կայցելի Բաքու, իսկ հետո՝ Երեւան»: ՀՀ նախագանը նշում էր, որ Պուտինին հրավիրել էր 2001 թվականին այցելել Հայաստան եւ ստացել էր վերջինիս համաձայնությունը: «Պետք է Ռուսաստանի նախագահին հարցնել,թե ինչու է նա ընտրել այցերի նման հերթականությունը»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը 2000 թվականին Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը 2000 թվականին

Լուսանկարը` REUTERS

2001 թվականի մայիսին Վլադիմիր Պուտինը նկատել էր, որ եթե չլինեին տարածաշրջանում խաղաղության հաստատմանը ուղղված  Ռուսաստանի հետեւողական ջանքերը, դժվար թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները հնարավորություն ունենային լավատեսական հայտարարություններ անել խնդրի շուտափույթ կարգավորման վերաբերյալ:

 

2004 թվականի փետրվարին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն ասել էր, որ «Ռուսաստանը պատրաստ է որոնել հակամարտության կարգավորումը, սակայն ոչինչ չի պարտադրելու ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի ժողովրդին»:

Իլհամ Ալիեւը ու Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիեւը ու Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` REUTERS

Այս դիրքորոշումը նա գրեթե բառացի կրկնեց 2016 թվականի օգոստոսին, Բաքու կատարած այցի նախօրեին:

 

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք մտադիր չենք Ադրբեջանին ու Հայաստանին պարտադրել ուրեւէ պատրաստի լուծում: Կողմերը պետք է իրենք համաձայնության գան ու փոխընդունելի լուծումներ գտնեն առանց արտաքին ճնշումների: Դա մեր հստակ դիրքորոշումն է»,- ասել էր Պուտինը:

 

3.    Ինչպե՞ս էին Պուտինն ու Բուշը փորձում ցանկությունները որպես իրականություն ներկայացնել:

 

2002 թվականի մայիսի 24-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջորջ Բուշը Մոսկվայում ստորագրեցին Համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, ասված էր, որ նրանք «ժխտում են «հզոր տերությունների» մրցակցության մոդելը, որը կարող է միայն ուժեղացնել Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում հակամարտային պոտենցիալը»:

 

«Մենք ընդունում ենք մեր ընդհանուր շահագրգռվածությունը Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բոլոր պետությունների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ կայունությանը աջակցելու վերաբերյալ»,- ասված էր Հռչակագրում:

 

4.    Ի՞նչ էր ասում Սահակաշվիլին Հայաստանի հանդեպ Պուտինի վերաբերմունքի մասին:

 

2013 թվականի սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել էր, որ «Հայաստանին անելանելի վիճակի մեջ են դրել եւ պարտադրել անդամակցել Մաքսային միությանը»:

 

« Մեր հարեւան երկրները գտնվում են մշտական խժդժությունների մեջ: Եվ սա այն է, ինչին փորձում է հասնել Կրեմլը: Այն հերքում է այս երկրների ուժեղ պետականության գաղափարը: Դուք կարծո՞ւմ եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ո՛չ: Դա Հայաստանը շատ ուժեղ և, հետևաբար, շատ անկախ կդարձներ: Թե՞ կարծում եք, որ Մոսկվան ցանկանում է, որ հակառակը՝ Բաքուն հաղթի Երեւանին: Ոչ, ՌԴ-ն չի ցանկանում, որպեսզի որեւէ մեկն ընդհանրապես հաղթի այս հակամարտությունում: Հենց հակամարտությունն է Մոսկվայի նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին դառնալ անկախ եւ արգելափակում է այդ երկրների ինտեգրումը Եվրոպական Միությանը»,- ասում էր Միխայիլ Սահակաշվիլին:

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Գյումրիում 2013 թվականին Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Գյումրիում 2013 թվականին

Լուսանկարը` REUTERS

2013 թվականի դեկտեմբերին, ելույթ ունենալով Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին,Վլադիմիր Պուտինը հայտարարել էր.

 

«Դա (ՄՄ մտնելու մտադրությունը – Մեդիամաքս.) հայ ժողովրդի եւ հայաստանյան ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի Հայաստանի հետ համագործակցության այդ ուղղությունը»:

 

5.    Ի՞նչ էր ասում Պուտինը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

2015 թվականի ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում հայտարարել էր, որ «1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվեցին որպես անձնական ողբերգություն»:

 

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենածանր ողբերգություններից մեկը վերապրած հայ ժողովրդին: Մեկուկես միլիոն խաղաղ մարդիկ սպանվել էին, խոշտանգվել, իսկ վեց հարյուր հազարից ավելի մարդ՝ վտարվել սեփական տներից եւ ենթարկվել զանգվածային բռնաճնշումների»,- ասել էր ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը Երեւանում 2015թ. ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը Երեւանում 2015թ. ապրիլի 24-ին

Լուսանկարը` REUTERS

Շատերը ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ իր ելույթում Վլադիմիր Պուտինը 1915 թվականի դեպքերը «ցեղասպանություն» չէր որակել: Կարծիք կար, որ այդպիսով ռուսական կողմը ցանկանում էր մեղմացնել Թուրքիայի արձագանքը՝ կապված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին Պուտինի մասնակցության հետ:

 

6.    Ինչպե՞ս Պուտինը օգնություն ցուցաբերեց հայ վետերանին:

 

2012 թվականի հունվարի 27-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջին օգնություն էր ցուցաբերել Հայրենական Մեծ պատերազմի վետերան, 88-ամյա Զաքար Խաչատրյանին:

 

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել էր վետերաններին եւ հանդիպմանը տարեց մասնակիցը իրեն վատ է զգացել:

 

«Երկու ժամ տեւած զրույցից հետո Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, 88-ամյա Զաքար Խաչատրյանը գրեթե ուշագնաց եղավ: Պուտինն առաջինը շտապեց օգնել նրան: Վարչապետը հրահանգեց բժիշկ կանչել, բացել պատուհանները եւ ջուր բերել: Վարչապետի անձնական բժիշկը օգնություն ցուցաբերեց վետերանին, եւ հարկավոր չեղավ նրան տեղափոխել հիվանդանոց: Վետերանը ցանկացավ շարունակել զրույցը վարչապետի հետ», - հաղորդում էր ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին