С-400. Թուրքիայի մարտահրավերը ԱՄՆ-ին - Mediamax.am

exclusive
7610 դիտում

С-400. Թուրքիայի մարտահրավերը ԱՄՆ-ին


Լուսանկարը` Vasily Shap/Kommersant/Getty Images

Լուսանկարը` REUTERS


Ռուսաստանի նախագահի՝ 2018 թվականի ապրիլի 4-5 Թուրքիա կատարած այցի հիմնական արդյունքներից մեկը դարձավ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման նոր ժամկետների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս թեմային է նվիրված «Պարզաբանում» շարքի հերթական թողարկումը:

 

1.    Ի՞նչ է С-400-ը:

 

С-400-ը ռուսական մեծ եւ միջին հեռավորության զենիթահրթիռային համակարգ է, որը նախատեսված է տիեզերաօդային հարձակման ժամանակակից եւ հեռանկարային միջոցները ոչնչացնելու համար:

 

Ռուսաստանի կառավարության 2007 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ С-400 համակարգն ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի սպառազինության կազմում: Արտահանման համար նախատեսված տարբերակի անվանումն է «Տրիումֆ»:

 

С-400-ն ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի սպառազինության կազմում: 2015 թվականին Ռուսաստանը Չինաստանի հետ կնքել էր С-400-ների մատակարարման վերաբերյալ  $ 3 մլրդ արժողությամբ պայմանագիր: Առաջին բաժինը մատակարարվել էր Չինաստան 2018 թվականի հունվարին:

 

2.    Ե՞րբ Ռուսաստանը կմատակարարի С-400-ները Թուրքիային:

 

«Կոմերսանտի» հրապարակման համաձայն, ապրիլի 4-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը հայտարարել է, որ «Տրիումֆ» С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը կմեկնարկի 2019 թվականի հուլիսին:

 

Պուտինը, Էրդողանը եւ C-400-ը

Ի սկզբանե մատակարարման մեկնարկը նախատեսված էր 2020 թվականի մարտին: «Կոմերսանտի» աղբյուրները Մոսկվայի այս որոշումն անվանում են «աննախադեպ զիջում»: Այն ընդունվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի բանակցությունների ընթացքում:

 

3.    Ի՞նչի համար է С-400-ը պետք Թուրքիային:

 

Moscow Defense Brief-ի գլխավոր խմբագիր Միխայիլ Բարաբանովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է, որ « С-400-ի հետ կապված պատմությունը նախագահ Էրդողանի համար դարձել է յուրօրինակ խորհրդանշական մարտահրավեր ԱՄՆ-ին, որը դեմ է այդ գործարքին»:

 

Իսկ «Սպառազինությունների արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը նշում է, որ Թուրքիայի համար կարեւոր է ձեռք բերել համակարգը «պաշտպանական առումով իր անկախությունը» ցույց տալու համար:

 

4.    Ե՞րբ է ստորագրվել գործարքը եւ որքա՞ն է դրա արժեքը:

 

Թուրքական բանակին С-400 համակարգի չորս դիվիզիոն մատակարարման մասին մոտ $ 2,5 մլրդ արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականի հուլիսին: Գումարի 45%-ը Թուրքիան կվճարի ինքնուրույն, իսկ 55%-ը կմարի վարկային միջոցներով, որոնք կտրամադրի Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը: Թուրքիան նախատեսում է մարել պարտքը չորս տարվա ընթացքում, ամեն տարի վերադարձնելով վարկի գումարի 15%-ը:

Լուսանկարը` REUTERS

2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինն ասել էր.

 

«С-400-ը ամենաբարդ համակարգերից մեկն է, որը բաղկացած է մի շարք տեխնիկական միջոցներից, այդ իսկ պատճառով կան շատ նրբություններ: Կարող եմ երաշխավորել, որ բոլոր ընդունված որոշումները այդ գործարքի վերաբերյալ խստորեն համապատասխանում են մեր ռազմավարական շահերին: Լիովին հասկանալի է որոշ արեւմտյան երկրների արձագանքը, որոնք փորձում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա»:

 

5.    Էլ ո՞վ է ցանկանում ձեռք բերել С-400:

 

2017 թվականին Վլադիմիր Կոժինը նշում էր, որ С-400 ձեռք բերելու հերթում են Հարավարեւելյան Ասիայի, Մերձավոր Արեւելքի երկրները եւ «ՀԱՊԿ-ի որոշ անդամ պետություններ»:

 

«Դիմումների թիվը մեծ է, մի շարք երկրներ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում այս համակարգի հանդեպ: Սակայն պետք է հասկանալ, որ սա շատ թանկարժեք տեխնիկա է, ուստի ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ դրա ձեռք բերումը»,- նշում էր ՌԴ նախագահի օգնականը:

 

6.    Արդյո՞ք Հայաստանը հավակնում է С-400-ին:

 

2011 թվականի օգոստոսին պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության կազմում ընդգրկված են С-300 համակարգերը եւ չէր բացառել, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կունենա նաեւ С-400 համակարգեր:

 

2010 թվականի դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ ունի С-300 համակարգեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին