Անցնող շաբաթը Անիտա Հախվերդյանի հետ - Mediamax.am

exclusive
1939 դիտում

Անցնող շաբաթը Անիտա Հախվերդյանի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

 

Անցնող շաբաթը մեկնաբանում է հաղորդավարուհի, երգերի խոսքերի հեղինակ Անիտա Հախվերդյանը

 

Կայացել է Պուտին-Օբամա հանդիպումը

Ռուսաստանը սկսել է օդային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում

 

Ամենակարեւորն այն կեցվածքն է, որն ընդունեցին Պուտինն ու Օբաման ու հենց այդ դերով էլ հանդիպեցին միմյանց: Պուտինը` «մշտադալար», «քուչի լավ տղա», իսկ Օբաման «Աստծո աջն ու աչքը» կերպարներով լուսանկարվեցին: Մեկն ասում էր`«դու ուզել ես, ես եկել եմ», մյուսն էլ ` «սխալվում ես, այդ դու ես ուզել, որ քեզ ընդունեմ»:

 

Պուտինը հայտարարում է, որ ռմբակոծելու է Իսլամական  պետությունը, որովհետեւ Ասադն է օգնություն խնդրել, բացի դրանից, տեսնում է «Իսլամական պետության» Ռուսաստան ներթափանցման վտանգը:

 

Բայց հաղորդում են, որ իրականում ռմբակոծել են խաղաղ բնակչությանն ու ընդդիմության բազաները, այլ ոչ թե «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող տարածքները: Կրեմլը պնդում է, որ հարված է հասցվել իսլամիստների բազաներին, սակայն քարտեզն այլ բան է ցույց տալիս: Հիմա էլ «Իսլամական պետության» գրոհայինները գերի կվերցնեն ռուս զինվորներին, կգլխատեն ու լուսանկարները կտեղադրեն ֆեյսբուքում: Ու այստեղ կիջնի վարագույրը:

 

«Տաշիր»-ը գնել է բաշխիչ էլցանցերը եւ Հրազդանի ՋԷԿ-ը

 

Երկու ամիս առաջ Սամվել Կարապետյանը պնդում էր, որ չի գնելու էլցանցերը: Կամ նա «պարտիզան» է եւ թաքցնում էր իր մտադրությունները, կամ էլ պարտադրված էր հերքել լուրը:

 

Հայտարարություն է տարածվել, որ 250 կիլովատ սպառող մարդու համար սակագինը մնալու է անփոփոխ, ավելցուկը վճարելու է Սամվել Կարապետյանը: 250 կիլովատը` մոտ տասը հազար դրամ է, իսկ առջեւում ձմեռային ամիսներն են: Հարցեր են առաջանում ինձ մոտ. եթե ես սպառեմ 260 կիլովատ, ո՞ր մասն եմ վճարելու հին սակագնով: Իրականում որեւէ լավ բան տեղի չի ունեցել եւ տարբերություն չկա, թե ով է գնում էլեկտրական ցանցերը` Սամվել Կարապետյանը, Սամվել Ալեքսանյանը, թե Թաթա Սիմոնյանը: Իհարկե`թող որ Թաթա Սիմոնյանն այդքան գումար ունենա:

 

Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ չի կարող սահմանամերձ համայնքներին տրամադրել Էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսված միջոցները

 

Մի քանի օր առաջ քաղաքապետարանը հայտարարեց, որ տրանսպորտային միջոցներ կուղարկի սահմանամերձ շրջաններ եւ Արցախ, որ երիտասարդությանը տեղափոխի Երեւան` քաղաքի տոնը միասին նշելու համար: 

 

Երեկ էլ հայտարարվեց, որ միջոցների ոչ բավարար լինելու պատճառով  տրանսպորտ չի տրամադրվի: Բայց եթե ծախսն արվեր ու այդ մարդիկ գային Երեւան` ի՞նչ էր հրամցվելու նրանց: Պետք է ներկայացնել մի բան, ինչը կբարձրացնի այդ մարդկանց ոգին կամ սեր կհաղորդի մայրաքաղաքի հանդեպ: Թե՞ պետք է փուչիկով զբոսնեն քաղաքով ու զուռնա լսեն: Ո՞վ է որոշել, որ ժողովրդին հենց դա է պետք: Կարելի է շարժական կինոթատրոն տանել նրանց մոտ ու անվճար ցուցադրություններ կազմակերպել: Անպայման չէ վերջին 3D-ֆիլմերը ցուցադրել, կարելի է հին ու բարի հայկական ֆիլմեր ցուցադրել: Արդեն հոգնել ենք ճառ լսելուց, այսօր մի բան է ասվում, վաղը` հերքվում: Այդ ճառերը գրոշի արժեք անգամ չունեն:

 

Sepultura-ն համերգ կտա Երեւանում

 

14-15 տարեկան էի, երբ տատիկիս տուն գնալուց մի ավտոտնակի վրա տեսնում էի գրված AC/DC եւ Ozzy, մյուսի վրա` Sepultura, որն ինձ մոտ ասոցացվում էր կուլտուրա բառի հետ: Երբ առաջին անգամ լսեցի Sepultura-ի` Երեւան գալու մասին լուրը, մտածեցի` ո՞վ է գնալու այդ համերգին: Ինքս ռոք-սերնդի ներկայացուցիչ եմ ու ռոքի մեծ սիրահար: Ռոքասերը սիրում է նաեւ հարդ-ռոք եւ heavy metal լսել, իսկ trash metal լսողներն ավելի նեղ շրջանակ են կազմում:

 

Որպես օրենք, երբ հայտնի հյուրեր ենք ունենում, դահլիճի առաջին շարքերում միշտ պաշտոնյաներն են նստում եւ նրանց դեմքին հաճախ անթաքույց տառապանք է նկատվում ողջ համերգի ընթացքում: Այնքան եմ ուզում, որ այս անգամ էլ նրանք պարտավորված ներկա գտնվեն Sepultura-ի համերգին:

 

Բացվել է 13-րդ ՀայՖեստ փառատոնը

 

Հայֆեստ-ը բացվեց հրաշալի բեմադրությամբ, որի հեղինակը Վահան Բադալյանն էր: Շատ ուրախալի է, երբ մի լավ բան է արվում՝ հերթական գավառական միջոցառման փոխարեն: Քաղաքը «եռալու է» այս քանի օրը, այ սա է իսկական քաղաքի տոնը, ոչ թե այն, ինչ արվում է` գիշերվա կեսին հրավառություն, անիմաստ երաժշտություն եւ այլն: 

 

Գրի առավ Լենա Գեւորգյանը

Լուսանկարեց Մարիամ Լորեցյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին