Վարչապետ. կառավարության ծրագրերն ուղղվելու են մարզերում կոոպերացիաների զարգացմանը - Mediamax.am

2121 դիտում

Վարչապետ. կառավարության ծրագրերն ուղղվելու են մարզերում կոոպերացիաների զարգացմանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նոր կառավարության առաջիկա ծրագրերն ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության ղեկավարն այս մասին ասել է մայիսի 4-ին, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ եւ Նորաշեն համայնքներ:

 

«Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսեւորելու եւ գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Միաժամանակ,  յուրաքանչյուր համայնք պետք է իմանա, թե հստակ ժամանակացույցով երբ է իրականացվելու տվյալ ծրագիրը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ հայթայթենք՝ խնդիրներին լուծումներ տալու համար»,- նշել է վարչապետը:  

 

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ՝ ոռոգման ջրի վարձը, իրականացվում են նաեւ վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուի սուբսիդավորման ծրագրեր:

 

Վարչապետի հավաստմամբ, քննարկվելու է նաեւ գյուղացիներին երկար ժամկետայնությամբ եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցը:

 

Միաժամանակ, վարչապետը խոստացել է հանձնարարել կառավարության անդամներին քննարկել խաղողի մթերման գնի բարձրացման հարցը վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին