Հայրենիքը բանտ կամ հյուրանոց չպետք է լինի, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

1333 դիտում

Հայրենիքը բանտ կամ հյուրանոց չպետք է լինի, ասել է Սերժ Սարգսյանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, «որ Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա»:

Սերժ Սարգսյանն այդ մասին ասել է, ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում:

 

«Համոզված եմ, որ Հայրենիքը երբեք հայի համար բանտ չպիտի դառնա: Բայց այն նաեւ չպիտի լինի հյուրանոց: Հյուրանոցը հյուրի համար է, իսկ Հայաստանում յուրաքանչյուր հայ պետք է տոգորված լինի իր տանտեր լինելու հանգամանքով: Յուրաքանչյուր հայ իր տունն ու օջախը պետք է ունենա հայրենիքում», - ասել է նախագահը:

 

Նա նկատել է, որ արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է:

 

«Եթե մեզ հաջողվեց հաղթահարել ամենաբարդ քննությունը, որն էր պատերազմը, ապա մենք իրավունք չունենք ընկրկելու այսօրվա խնդիրների հորձանուտում:

 

Այն, իհարկե, ռազմի դաշտ չէ, որտեղ ակնհայտ են «մերոնք» եւ «հակառակորդները»: Արտաքին վտանգի դեմ համախմբվելն այդքան էլ դժվար գործը չէ: Առօրյա կյանքում մենք պիտի հասկանանք, որ այդ պայմանական «հակառակորդը» հաճախ, իսկ ավելի ճիշտ՝ մշտապես, մենք ինքներս ենք: Ուստի եւ պետք է պայքարենք մեր ունեցած բացթողումների, թերությունների, թուլությունների, թափթփվածության դեմ», - ասել է Սերժ Սարգսյանը:

 

«Հայի տեսակի վաղվա օրը որոշվում է հայրենի երկրում: Հայի տեսակի առաջընթացն ու հզորությունը, ապագան ու հեռանկարը կոփվում են Հայաստանում, քանի որ արդի աշխարհում ժողովրդի առհավետ գոյության ամենահզոր եւ միակ գրավականն ազգային պետությունն է», - շեշտել է ՀՀ նախագահը:

 

«Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Արդի իրողությունն այնպիսին է, որ այսօր կարող ենք խոսել հայաստանցիների՝ նոր սերնդի սփյուռքի գոյության մասին: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք եւ ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար: Միասին վեր հանենք բացթողումները եւ արձանագրենք, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել», - ասել է երկրի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին