Մինսկում ստորագրվել է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու «պատմական» փաստաթուղթը - Mediamax.am

5513 դիտում

Մինսկում ստորագրվել է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու «պատմական» փաստաթուղթը


Լուսանկարը` http://civilnet.am


Երեւան: Մեդիամաքս: Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այսօր ստորագրվել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը:

Եվրասիական տնտեսական միություն հիմնելու մասին պայմանագիրը ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարները ստորագրել էին ս.թ. մայիսին: Այն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 2-ից:

 

Մինչեւ պայմանագրի ստորագրումը հանդես գալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր.

 

«Հուսով եմ, այս օրը կնշանավորվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վրա մեր համատեղ աշխատանքի ավարտով: Համոզված եմ, որ այդ պատմական փաստաթղթի ստորագրումը եվրասիական տարածքում ինտեգրացիայի նոր փուլի մեկնարկը կլինի: Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով պայմանագրին: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար եւ առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը»:

 

«Որոշումը, որը հիմք դրեց եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիիրավ մասնակցությանը, մեր կողմից ընդունվեց՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում ենք որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված, մեր երկրների համար կանխատեսելի եւ առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման հիմնական ձեւաչափ:

 

Իհարկե, Հայաստանի անդամակցությունն իր առանձնահատկությունն ունի՝ դա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: Սակայն, մենք համոզված ենք, որ այն չի խանգարի Հայաստանի ինտեգրացիային մեր ընդհանուր տնտեսական տարածքում ձեւավորվելիք կարգավորումների միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսների համակարգերին», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին