Բալասանյան. Սեֆիլյանը չի պահանջում նախագահի հրաժարականը - Mediamax.am

6776 դիտում

Բալասանյան. Սեֆիլյանը չի պահանջում նախագահի հրաժարականը


Վիտալի Բալասանյանը
Վիտալի Բալասանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այսօր ասել է, որ Ժիրայր Սեֆիլյանը չի պահանջում ՀՀ նախագահի հրաժարականը:

Այս մասին Վիտալի Բալասանյանն ասել է գրավված ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ հանդիպմանը:

 

«Քիչ առաջ եղել եմ Սեֆիլյանի մոտ, ներկա է եղել նաեւ նախագահականի ներկայացուցչը, ինչպես նաեւ Ալեք Ենիգոմշյանը, քննարկել ենք զենքը վայր դնելու հարցը: Սեֆիլյանը ոչ թե պահանջում է, այլ առաջարկում է՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, փոխել իր կալանքի միջոցը, ազատ արձակել հուլիսի 17-ից ծավալվող դեպքերի հետ կապված բոլոր ձերբակալվածներին»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

 

Վերջինս տեղեկացրել է, որ ՀՀ նախագահը տվել է ուժ չկիրառելու մասին հանձնարարական:

 

«Մյուս կողմից, ես տղաներին էլ եմ ասել, որ նրանք, ովքեր կօգտագործեն զենք, տեղում կրելու են համապատասխան պատիժը»,- ասել է Վիտալի Բալասանյանը՝ ընդգծելով, որ ինքը դեմ է զինված պայքարի միջոցով քաղաքական հարցերի լուծումը:

 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորը նշել է, որ այս ամենը երկար շարունակվել չի կարող, եւ զինված խմբի անդամներն այսօր կամ վաղը պետք է զենքերը վայր դնեն:

 

«Ակցիան արդեն կատարվել է: Բոլորը պահանջները հասկացել են: Հասկացել ենք, ինչ խնդիրներ ու բացեր ունենք: Իշխանությունները պետք է րոպե առաջ սթափվեն: Ինչ վերաբերում է զենքերը վայր դնելուց հետո իրադարձությունների զարգացմանը, ապա պարզ է, որ հարուցվելու է քրեական գործ, բոլորին ձերբակալելու են, մարդիկ զենք են կրել, ունեցել ենք զոհ: Պետք է պարզվի, թե ով է դա կատարել: Սակայն արվելու է ամեն ինչ, որ տույժերը լինեն հնարավորինս մինիմալ»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

 

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող պատանդներն այսօր ազատ են արձակվել Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ, որը կազմակերպել է «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հանդիպումը, որի արդյունքում որոշում էր կայացվել ազատ արձակել պատանդներին` պայմանով, որ տարածքում ստեղծվելու է մամուլի կենտրոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին