ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են կատարվել - Mediamax.am

20719 դիտում

ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ են կատարվել


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, էներգետիկայի եւ բնական պաշարներինը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, իսկ տրանսպորտի եւ կապինը՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

 

Նախագծով սահմանվում է, որ նախարարությունների կազմից դուրս է գալիս եւ, որպես այդպիսին, դադարում գոյություն ունենալ քաղաքաշինության նախարարությունը, որը հետագայում կվերակազմավորվի կառավարությանն առընթեր կոմիտեի:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կատարված փոփոխություններն ինքնանպատակ չեն, եւ օրինակ՝ «էկոնոմիկա բառի բացակայությունը չի ենթադրում, թե էկոնոմիկա չի լինելու»:

 

Անդրադառնալով էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ վարչապետը նշել է, որ անվան փոփոխությունից բացի, նախատեսվում է գյուղատնտեսության նախարարությունից այստեղ տեղափոխել ջրային ռեսուրսների պետական կոմիտեն:

 

Վարչապետը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունից տրանսպորտի եւ կապի նախարարությանը կփոխանցվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

 

Էկոնոմիկայի նախարարությունից կառանձնացվի նաեւ զբոսաշրջության ոլորտը, որը եւս, որպես առանձին մարմին, կունենա խնդիր՝ ապահովել ոլորտի զարգացում եւ զբոսաշրջիկների հստակ քանակ:

 

Խոսելով քաղաքաշինության նախարարության լուծարման մասին՝ վարչապետը նշել է, որ գործող նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են եւ նախատեսում են ստեղծել Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանման կոմիտե:

 

Գործադիրի որոշմամբ՝ սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագիծը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին