Կրթական համակարգը` նոր կառավարության ուշադրության կենտրոնում - Mediamax.am

6300 դիտում

Կրթական համակարգը` նոր կառավարության ուշադրության կենտրոնում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է գործարարներին օժանդակություն ցուցաբերող պետական այն օղակը, որը քննարկելու է նրանց կողմից բարձրացված խնդիրները եւ աջակցելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը:

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը կառավարության ղեկավարը քննարկել է տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին եւ զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը եւ գիտությանը, բանկային համակարգին եւ մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ եւ այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին: Վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունները լոկ անվանափոխության խնդիր չեն լուծում, այլեւ ենթադրում են լուրջ բովանդակություն եւ նպատակային գործառույթներ:

 

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը՝ վարչապետը կարեւորել է նաեւ կրթության եւ գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք, եւ շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին: Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է Հանրային խորհրդի անդամներին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ եւ ծրագրեր՝ տեսանելի արդյունքների գնահատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին