Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին - Mediamax.am

7218 դիտում

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր էկոնոմիկայի, առողջապահության, մշակույթի, բնապահպանության, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:

Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին՝ վարչապետն ասել է, որ մեծապես կարեւորում է այս նախարարության աշխատանքը:

 

«Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին  հայտարարենք եւ ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձեւավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա եւ իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում: Ձեզնից ակնկալում եմ նաեւ նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այս նախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին:

 

Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ նախարարության ու բանկային համակարգի սերտ համագործակցությունը:

 

«Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ եւ այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա: Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ եւ համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք»,- ասել է գործադիրի ղեկավարը:

 

Առողջապահության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին՝ վարչապետը նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն:

 

«Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն եւ արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի եւ թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները»,- ասել է վարչապետը:

 

Կարեն Կարապետյանն արդիական է համարել նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը:

 

«Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձեւավորած արժեքը եւ բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է նա:

 

Մշակույթի նախարարությունում վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին:

 

«Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի եւ կրթվածության ձեւավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին եւ աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին»,- նշել է վարչապետը:

 

Ներկայացնելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ վարչապետն անհրաժեշտ է համարել բնապահպանության ոլորտում տրամաբանական առեւտրայնացումը եւ կարեւորել էկոտուրիզմի զարգացումը:

 

«Խստորեն պետք է նայել նաեւ այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին եւ գնալ յուրաքանչյուր լումայի հետեւից: Պետք է հասկանանք, թե այս լուման ինչ նպատակի է ծառայում եւ այդ նպատակը կատարվում է, թե ոչ»,- նշել է Կարեն Կարապետյանը: 

 

Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում ներկայացվել է նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

 

«Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»,- ասել է վարչապետը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին