«Եթե չլիներ 1996-ը, չէին լինի հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը» - Mediamax.am

3701 դիտում

«Եթե չլիներ 1996-ը, չէին լինի հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը»


Վազգեն Մանուկյանը
Վազգեն Մանուկյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հանրային Խորհրդի նախագահ, նախկին վարչապետ եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել է, որ Հայաստանի նորանկախ պատմության «ամենախայտառակ էջերից մեկը 1996 թվականի նախագահական ընտրություններն են, որոնք ճակատագրական ջրբաժան գծեցին Հայաստանի պատմության մեջ` նորանկախ երկիրը տանելով բոլորովին այլ ուղիով»:

Վերհիշելով 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, Վազգեն Մանուկյանն ասել է, որ այն ժամանակվա իշխանությունները, փաստորեն, տեր չկանգնեցին 1988-ի շարժման՝ ազատ, արդար ու առաջադեմ երկիր ստեղծելու գաղափարներին:

 

«Սա ամենեւին էլ անձնական խնդիր չէ: 1996 թվականին ժողովուրդը հասկացավ, որ խաբված է, եւ այդ կարծիքը մինչ օրս չի փոխվել: Ոչ թե ինձնից խլեցին նախագահ դառնալու իրավունքը, այլ ժողովրդից խլեցին իր ձայնի իրավունքը: Ժողովուրդը կոտրվեց, հասկացավ, որ այդ երկիրն իրենը չի: Կոտրվեց այն գաղափարը, որ մենք 88 թվից ժողովրդի մեջ մտցրել էինք, որ էս հողը ձերն է, էս պետությունը ձերն է, ամեն ինչ ձերն է: Եվ դրանից հետո արտագաղթի մեծ ալիք բարձրացավ, ժողովրդի մի հսկա հատված, որը պայքարող էր ու առաջադեմ, հիասթափված թողեց-գնաց: Ու դրանից հետո հիասթափությունը գնալով խորացավ: Այն, ինչ արեցին իշխանությունները 1996 թվականին, պատմական հանցագործություն էր մեր պետության դեմ»:

 

«Եթե 1996 թ. իշխանությունը քվեատուփերը բացելու կամք ունենար, համոզվեր, որ ընդդիմությունը հաղթել է, և գնար երկրորդ փուլի կամ նոր ընտրություններ կազմակերպեր կամ էլ ընդհակառակը` եթե ապացուցեր, որ իրենք են հաղթել (ինչն, իհարկե, անհնարին կլիներ), ապա ընդդիմությունը կընդուներ այդ հաղթանակը, և մեր երկիրը կգնար դեմոկրատական ճանապարհով, ու չէին լինի թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը, թե՛ «Սասնա ծռերը»: Ամեն ինչի հիմքերը դրվեցին 1996-ին»,-ասել է Վազգեն Մանուկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին