«Յուրաքանչյուր կառավարիչ պետք է երազ ունենա»,- ասել է վարչապետը - Mediamax.am

5381 դիտում

«Յուրաքանչյուր կառավարիչ պետք է երազ ունենա»,- ասել է վարչապետը


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի շարք հանձնարարականներ է տվել նորանշանակ նախարարներին:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարվել է ուսումնասիրել Սննդի անվտանգության պետական ծառայության հետ կապված դժգոհությունների հարցը եւ փորձել հասկանալ՝ տեսչությունը պետք է գործի նախարարության կազմո՞ւմ, թե՞ ոչ:

 

Վարչապետի հաջորդ հանձնարարականն ուղղված էր էկոնոմիկայի, ֆինանսների եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին՝ ուսումնասիրել բազմաթիվ տարիների ընթացքում սեփականաշնորհված գույքն ու ակտիվները, որոնք այսօր չեն աշխատում:

 

«Հանձնարարում եմ նախ եւ առաջ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել ու ներկայացնել չօգտագործվող անշարժ գույքի շահագործմանն ու խթանման ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություններ։ Պետք է փորձենք մոտիվացնել սեփականատերերին, որպեսզի այդ գույքն աշխատի»,- ասել է գործադիրի ղեկավարը:

 

Անդրադառնալով գնումների ոլորտում առկա խնդիրներին՝ վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է քննարկել կենտրոնացված կարգը, գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունն ու ներկայացնել առաջարկ, թե որ ապրանքներն ու ծառայություներն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով:

 

Միաժամանակ, բոլոր մարմիններին հանձնարարվել է վերանայել իրենց ոլորտներում ՊՈԱԿ-ների (պետական ոչ առեւտրային կազմակերպություն) գործունեության նպատակահարմարությունն ու ներկայացնել առաջարկություն՝ դրանց թվաքանակի կրճատման եւ օպտիմալացման վերաբերյալ: 

 

Սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարներին էլ հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ԾԻԳ-երի (ծրագրերի իրականացման գրասենյակ) լուծարման հարցն ու ներկայացնել առաջարկություններ:

 

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու ներկայացնել տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխան առաջարկություններ, ինչպես նաեւ երեքշաբաթյա ժամկետում վերանայել ու լրամշակել համայնքային զարգացման հնգամյա ծրագիր եւ վերահսկելի պահանջներ դնել համայնքային զարգացման նկատմամբ:

 

«Յուրաքանչյուր բնակավայր, կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինչ է ուզում, պիտի ունենա երազ, թե ինքն ինչ քաղաք ու գյուղ է պատկերացնում»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին