Կարեն Կարապետյան. «Ուզում եմ մեր երկիրն ավելի արդար լինի» - Mediamax.am

15301 դիտում

Կարեն Կարապետյան. «Ուզում եմ մեր երկիրն ավելի արդար լինի»


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Հանրային, «Արմենիա», «Շանթ» եւ «Կենտրոն» հեռուստաընկերություններին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ հարցազրույցից:

 

Մոտիվացիայի մասին

 

Ո՞րն է իմ մոտիվացիան: Ես ուզում եմ, որ մեր երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ, ավելի ապահով: Եթե ես կարող եմ այդ հարցում օգուտ տալ՝ պատրաստ եմ մինչև վերջ իմ կարողությունները ներդնել: Հենց զգամ, որ օգուտ չեմ տալու՝ մեկ օր ավել չեմ մնալու: Այս պահին իմ մեջ ուժ, ցանկություն տեսնո՞ւմ եմ՝ այո: Դրայվը չասեմ (ծիծաղում է-խմբ:):

 

Հասարակության հետ փոխադարձ կապի մասին

 

Կարեւորում եմ կառավարության եւ հասարակության միջեւ փոխադարձ կապի ստեղծումն ու որոշակի վստահության առաջացումը: Երկրի փոփոխության խնդիրը ոչ միայն կառավարության, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Չեմ ուզում մեր վրայից գցել պատասխանատվությունն՝ ասելով, եթե քաղաքացին պատրաստ չէ փոխվել կամ իր բեռը վերցնել, ապա մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Բայց ամենակարեւոր խնդիրներից մեկն այդ  փոխադարձ կապի ձեւավորումն է. քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր քաղաքացիական դիրքորոշումն ակտիվ դրսեւորելով` օգուտ կբերի այդ գործին:

 

Քաղաքացու հավատը բերում է մեր պատասխանատվության աճին: Փորձել ենք մեր ծրագրում մաքսիմալ պրագմատիկ, ռացիոնալ ձևով նշել այն քայլերը, որոնք կատարելու ենք: Բավականին լուրջ ծանրաձող ենք դրել, որը կանոնավոր ամենօրյա աշխատանք է պահանջում: Եթե նորմալ աշխատենք, կունենանք փոփոխություններ, դրանք ինչպե՞ս կչափենք ՝ ժամանակը ցույց կտա:

 

Մենք տրամադրված ենք շատ ազնիվ եւ անկեղծ աշխատել հասարակության հետ, բացատրել` եթե ինչ-որ մի բան չի ստացվել, ո՞րն է եղել դրա պատճառը:

 

Թիվ մեկ խնդրի մասին

 

Կառավարության թիվ մեկ խնդիրը բիզնեսին, ստեղծագործ, ակտիվ  մարդուն չխանգարելն է: Հաշվի առնելով բիզնես միջավայրում հանրության հուսալքությունը կամ ոչ ակտիվ լինելը՝ համարում ենք, որ այստեղ պետք է որոշակի խթանողի դեր ստանձնենք: Ստեղծելու ենք ներդրումային հիմադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցենք որոշ նախագծերի եւ աշխուժություն բերենք դաշտ:

 

Կրթության մասին

 

Որպեսզի վաղը մեր երկրում զարգացման բարենպաստ պայմաններ լինեն՝ խիստ անհրաժեշտ է մեր քաղաքացուն, երեխաներին ու հաջորդ սերունդը կրթելը. վաղվա օրը գրագետ մարդու օրն է:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին

 

Համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը: Եթե միջավայրը չի փոխվում, կոռուպցիայի դեմ պայքարող կառույց ստեղծելով` կոռուպցիան չի վերանում:

 

Տաղանդի եւ պրագմատիզմի պակասի մասին

 

Մենք՝ հայերս, շատ հետաքրքիր եւ տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պակասում է պրագմատիզմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին