Վարչապետը հորդորել է աշխատել առանց ձեւերի եւ ըստ էության - Mediamax.am

7579 դիտում

Վարչապետը հորդորել է աշխատել առանց ձեւերի եւ ըստ էության


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի շարք հանձնարարականներ է տվել գործադիր մարմինների ղեկավարներին՝ կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է իր աշխատակազմին՝ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաեւ կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար:

 

«Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու համար»,- ասել է վարչապետը՝ կարեւորելով հասարակության հետ հետադարձ կապը:

 

Կարեն Կարապետյանի խոսքով՝ առաջիկայում լսումներ են կազմակերպվելու նախարարությունների եւ գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացրած ծրագրերի վերաբերյալ:

 

«Յուրաքանչյուրս իր տեղում պետք է հասկանա՝ ինչ ակնկալիք ունի մոտ ժամանակ, ինչ հորիզոն ունի միջնաժամկետում եւ ինչ երկարաժամկետ երազանք հետագայի համար, ում միջոցով է դա անելու եւ ինչպես»,- ասել է վարչապետը:

 

Կարեն Կարապետյանը հորդորել է հրաժարվել ձեւականություններից եւ աշխատել ըստ էության:

 

Ստորեւ ներկայացված են Կարեն Կարապետյանի բոլոր հանձնարարականները:

 

ՀՀ նախարարություններին եւ գերատեսչություններին՝

 

- Ներկայացնել մինչեւ ամսվա վերջ նախարարությունների, գերատեսչությունների կառուցվածքը, կազմը, գործառույթները՝ կրճատելով բոլոր ավելորդ գործառույթները: Տալ առաջարկություններ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների կրճատման, կենտրոնացման եւ գնումների վերաբերյալ:

 

- Տալ առաջարկություններ, թե որ որոշումները եւ գործառույթները պետք է կատարվեն նախարարության մակարդակով եւ չտեղափոխվեն կառավարություն:

 

- Կառավարության ընդունված ծրագիրն ադապտացնել նախարարություններին եւ գերատեսչություններին, մշակել հատուկ ծրագիր՝ պատասխանատուներով, ժամանակացույցով եւ համապատասխան միջոցառումներով:

 

- Վերանայել հանձնարարականների կատարման կարգապահությունը եւ ժամկետները: Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով:

 

- Այսօրվանից սկսել աշխատանքները երկարատեւ զարգացման ծրագրերի վերաբերյալ:

 

- Վերանայել բոլոր վարկային ծրագրերը, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը՝ ուսումնասիրելով նպատակահարմարությունը եւ տալով հաշվելի գնահատականներ՝ պետք են, թե ոչ, ինչ օգուտ, մուլտիպլիկատիվ ինչ էֆեկտ են տալիս այդ նախագծերը:

 

- Տալ առաջարկություններ՝ ինչ ներդրումային նախագծեր, ծրագրեր կարող են կատարվել համապատասխան ոլորտներում, ձեւակերպել, նպատակահարմարության դեպքում տեղափոխել նոր ստեղծվող ներդրումային ֆոնդ:

 

- Հասարակությանը եւ հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում:

 

- Յուրաքանչյուր նախարարության եւ գերատեսչության մասով ներկայացնել առաջարկ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է կառավարությունը գնահատելու աշխատանքի արդյունավետությունը՝ ներգրավելով անհրաժեշտ բոլոր հայտանիշները, այդ թվում նաեւ՝ ներդրումներ, աշխատատեղեր, մասնագիտական կրթական ծրագրեր, դրամաշնորհներ եւ այլն:

 

- Արտաքին գործերի նախարարությանը՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետեւյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առեւտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի եւ մեր երկրի միջեւ:

 

- Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն տրամադրել Հայաստանում իրականացվելիք ծրագրերի եւ նախագծերի վերաբերյալ, որպեսզի ՀՀ դեսպանատները, արտաքին բլոկը տեղյակ լինեն եւ որոշակիացնեն այդ նյութերի հետ աշխատանքը:

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝

 

- Ստեղծել Ռազմավարական նախագծերի կենտրոն, տալ առաջարկություններ դրա կազմի, գործունեության վերաբերյալ:

 

- Ամփոփել ԾԻԳ-երի եւ գնումների կենտրոնացման վերաբերյալ հանձնարարականը:

 

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝

 

- Առաջարկություն ներկայացնել ներդրումային ֆոնդի ստեղծման, ինչպես նաեւ գույքի ներգրավման վերաբերյալ՝ գույք, որը կարելի է աշխատեցնել, եւ գույք, որը կարելի է օտարել՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

 

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը եւ Զբոսաշրջության պետական կոմիտեին՝

 

- Ներկայացնել համարձակ, որակապես նոր հայեցակարգ տուրիզմի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ մոտ ժամանակներս Գյումրիի օդանավակայանում ունենալու ենք բյուջետային ավիաընկերություն:

 

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝

 

- Մեր դեսպանատների հետ արտասահմանում ակտիվ աշխատանք կազմակերպել՝ ներկայացնելով բոլոր այն նախագծերն ու հետաքրքրությունները, որ ունենք տվյալ երկրում: Վերանայել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության բոլոր ներկայացուցչությունները, տալ առաջարկություններ նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաեւ դեսպանատների հետ քննարկել՝ ներկայացուցչությունների գործառույթները դեսպանատներ տեղափոխելու հարցը, որպեսզի ունենանք ֆինանսական միջոցների օպտիմալացում:

 

- Մարզպետների հետ համատեղ աշխատել յուրաքանչյուր մարզում բիզնես միջավայրի, աշխատատեղեր ստեղծելու ծրագրերի հետ կապված:

 

- Ձեւավորել հարթակ եւ հետադարձ կապ, որի միջոցով գործարար համայնքը, հասարակությունը կարող են կապ հաստատել՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները, բողոքները, ծրագրերը:

 

- Հայաստանում հավատարմագրված դեսպանների, ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ նախաձեռնողական աշխատանքներ կազմակերպել՝ տեղյակ պահելով մեր ծրագրերի մասին:

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝

 

- Բուհերի եւ այլ կրթական հաստատությունների հետ վերանայել ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասնագիտական հմտություններին, կիրառական հնարավորություններին, որոնք այսօր մեր հասարակությանը եւ մեր երկրին անհրաժեշտ են:

 

- Հատուկ ուշադրություն դարձնել գյուղական համայնքներում կրթության խնդրին, ՏՏ ոլորտին: Մենք ունենք կառավարիչների մակարդակը որակապես փոխելու խնդիր: Եթե դա չենք փոխում, մենք նոր, լավ կյանք չենք ունենալու:

 

ՀՀ մարզպետներին՝

 

- Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը:

 

- Համայնքների օժանդակությամբ, համայնքների հետ համատեղ պետք է կազմակերպվեն համայնքների զարգացման ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոշորացված համայնքներին եւ հիմք ստեղծել, որպեսզի այդ ծրագրերը լինեն կիրառական:

 

- Բոլոր մարզպետները պետք է ներկայացնեն այն ծրագրերը, որոնք լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծում համապատասխան տրամաբանությամբ:

 

- Մարզպետները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն կրթական եւ մասնագիտական բարձրացման ծրագրերին, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում ֆերմերների վերապատրաստման նպատակով:

 

- Գյուղատնտեսության, Կրթության եւ գիտության նախարարությունների եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսումնասիրել, թե առկա կրթական ծրագրերը որքանով են կիրառական հմտություններ ու գիտելիքներ տալիս եւ մշակել մարզերում համապատասխան ծրագրեր՝ մասնագիտական բարձրացման նպատակով:

 

- Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր՝ «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի գաղափարախոսությունն սկզբունքորեն փոխելու վերաբերյալ:

 

- Ներկայացնել առաջարկություններ այն հայտանիշների վերաբերյալ, թե ինչպես է գնահատվելու մարզպետարանների աշխատանքը՝ նույնպես ներգրավելով ներդրումները, աշխատատեղերը, մարզից արտահանումը, բիզնես միջավայրը, կրթական ծրագրերը, զբաղվածության, սպորտի ոլորտը եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին