ՀՀ-ն կանի հնարավորը՝ ինտեգրելու սիրիահայերին, ասել է նախագահը - Mediamax.am

7819 դիտում

ՀՀ-ն կանի հնարավորը՝ ինտեգրելու սիրիահայերին, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների եւ պատասխանատու պաշտոնյաների հետ:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ նախօրեին կայացած հանդիպման մասնակիցներին նախագահը հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաեւ անմիջականորեն տեղեկանալու Սիրիայի վերջին զարգացումների եւ հայկական համայնքի ներկայիս կարիքների մասին:

 

«Ցավոք, արդեն տեւական ժամանակ է, որ Սիրիան եւ հատկապես Հալեպը դուրս չեն գալիս միջազգային լրահոսից՝ այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեզ համար, նկատի ունեմ հայերիս, Սիրիան, Հալեպը սոսկ ծանոթ անուններ չեն, ինչպես շատ-շատերի համար, այլ երկիր, բնակավայր, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: Եվ հենց այդ պատճառով է, որ մինչ այսօր Հալեպում գործում է մեր գլխավոր հյուպատոսությունը, այն դեպքում, երբ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները վաղուց լքել են Հալեպը:

 

Միանշանակ կարող եմ ասել, որ մեր մոտեցումը եղել է եւ այսօր էլ մնում է հետեւյալը․ յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի Հայաստան գալու, ավելին, եթե նա, այնուամենայնիվ, լքում է Սիրիան, ցանկալի է, որ գա Հայաստան: Մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի գոնե նվազագույն պայմաններ ստեղծենք, որ ժամանակի ընթացքում այդ մարդիկ կարողանան ինտեգրվել մեր հասարակությանը եւ արդեն իրենք կարողանան լուծել իրենց խնդիրները »,- ասել է նախագահը:

 

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը եւ հանդիպման մյուս մասնակիցները ներկայացրել են սիրիահայ համայնքին միասնական ուժերով սատարելու առաջարկություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին