Բանակը պետք է դառնա արդարության չափանիշ, ասել է նախագահը - Mediamax.am

6697 դիտում

Բանակը պետք է դառնա արդարության չափանիշ, ասել է նախագահը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «բանակը պետք է դառնա արդարության չափանիշ հասարակության մեջ, եւ իշխանությունների բոլոր քայլերը դրան են տանելու»:

Այս մասին նախագահն ասել է ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում ունեցած իր ելույթում:

 

«Պետական օղակները պետք է շատ ավելի ուշադիր լինեն եւ ընդգծված առաջնայնություն տան մեր զինվորականներից, սպաներից, զինծառայողների ծնողներից ստացվող դիմումներին եւ հայտներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի  գործունեությանը՝ նախագահն ասել է, որ նա «վատ չի սկսել իր աշխատանքը»:

 

«Վիգեն Սարգսյանի հետ մենք երկար քննարկել ենք զինված ուժերին վերաբերող շատ հարցեր եւ պայմանավորվել, որ կարճ ժամանակահատվածում, բացի ընթացիկ խնդիրներից, պետք է կարողանանք ընդգծված առաջընթաց արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության համակարգում եւ ռազմաբժշակական հաստատությունների աշխատանքում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույնը, եւ դրա համար Հայաստանն ունի «ամենակարեւոր եւ անփոխարինելի հարստությունը՝ խրոխտ զինվորներ ու սպաներ»: 

 

ՀՀ նախագահը նշել է, որ վերջին շրջանում լրջորեն փոխվել է բանակի դիմագիծը:

«Մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Բանակը կարող է դառնալ նաեւ տնտեսության շարժիչ ուժը: Բանակը խոշորագույն սպառող է  եւ չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական կարիքների վրա»,- ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին