ԱՄՆ-ը կֆինանսավորի ՀՀ ընտրական գործընթացների կազմակերպումը - Mediamax.am

6334 դիտում

ԱՄՆ-ը կֆինանսավորի ՀՀ ընտրական գործընթացների կազմակերպումը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Միացյալ Նահանգները, միանալով Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային, ֆինանսական օժանդակություն է տրամադրելու Հայաստանում 2017թ. գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների ընթացքը կազմակերպելու համար:

Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան այսօր տարածած հայտարարության մեջ:

 

«ԱՄՆ դեսպանատունը՝ միջազգային դոնորների հետ միասին, որոնք բոլորն աշխատում են Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի հետ համատեղ, կօգնի ֆինանսավորել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը՝ քվեարկության օրն ընտրողների նույնականացման եւ  ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով, ինչպես սահմանվել է հունիսի եւ սեպտեմբերի համաձայնություններով»,- ասված է հայտարարության մեջ: 

 

ԱՄՆ դեսպանատունը միաժամանակ նշում է, որ «ընտրական մեկ եզակի մեխանիզմի ներդրմամբ հնարավոր չէ ամբողջովին վերջ դնել ընտրակեղծիքներին»:

 

«Սա քաղաքական կամքի հարց է: Բեռն ըստ էության կառավարության ու վերջինիս մաս կազմող հաստատությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ եւ դատական մարմինների ուսերին է: Ազատ ու արդարացի ընտրությունները նաեւ պահանջում են պատասխանատու քաղաքացիական մասնակցություն ընտրական գործընթացում, ինչպես նաեւ ընտրությունների աչալուրջ դիտարկում Հայաստանի ընդդիմության եւ բոլոր քաղաքացիների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:       

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին