Ընտրությունները «վճռորոշ կլինեն ԵՄ հետ կապերի առումով» - Mediamax.am

6668 դիտում

Ընտրությունները «վճռորոշ կլինեն ԵՄ հետ կապերի առումով»


Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակությունն այսօր հայտարարել է, որ «գալիք ընտրությունների ազատ եւ արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների առումով»:

Եվրոպական Միության Պատվիրակությունն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

 

«Ի հետեւումն իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ ընտրական բարեփոխումների ուղղությամբ ձեռք բերված համաձայնության իրականացման կարեւոր առաջին քայլերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած խորհրդակցությունների՝ ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը  ջանք չի խնայի նշյալ բարեփոխումները կյանքի կոչելու համար:

 

Բարձր ենք գնահատում իշխանությունների հանձնառությունը՝ ապահովել բաց եւ ազատ մրցակցության հնարավորություն: Ակնկալում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ մարմինների եւ դատական համակարգի  կողմից կգործադրվեն առավելագույն ջանքեր այս խոստումը  կատարելու  համար: Արդար ընտրական գործընթացի ապահովման հիմնական նախադրյալ ենք համարում քաղաքական կամքի առկայությունը»:

 

Փաստաթղթում նշված է, որ ՄԱԿ-ի եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ` Եվրոպական միությունը դրական արձագանքեց ընտրական բարեփոխումների փաթեթի իրականացմանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու ՀՀ կառավարության խնդրանքին: 

 

«Եվրոպական միության կողմից տրամադրվող մինչեւ 7մլն եվրո ֆինանսավորմամբ կլրացվի առկա ֆինանսական ճեղքվածքը՝ թույլ տալով սահուն կերպով իրականացնել ընտրական բարեփոխումների շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Սրանում ներառված է նաեւ աջակցություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրականացմանը: Գերմանիայի եւ  Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող ֆինանսավորման հետ միասին, եվրոպական  աջակցությունը կկազմի ընտրական գործընթացների համար տրվող ֆինանսական ընդհանուր օժանդակության 90 տոկոսը:

 

Եվրոպական միությունը խիստ կարեւորում է ընտրական գործընթացների թափանցիկությունը, ամբողջականությունը, համընդգրկունությունն ու արդյունավետությունը: Ուստի, կշարունակենք աջակցել շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերին՝ ապահովելու ընտրական գործընթացների լիարժեք համապատասխանությունը միջազգային չափանիշներին,  ներառյալ  վարչական ռեսուրսների կիրառման արգելում եւ ընտրությունների հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների բացառում, ինչպես նաեւ դիտորդների եւ ԶԼՄ-ների  անխափան աշխատանքի երաշխավորում: 

 

Գալիք ընտրությունների ազատ եւ արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների առումով:  Պատրաստ ենք  շարունակել աջակցել Հայաստանին դեպի ժողովրդավարություն իր ճանապարհի ընթացքում՝ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրի ու Արեւելյան գործընկերության ավելի ընդլայնված շրջանակներում», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին