Օհանյանի որոշումն ու Աշոտյանի դարվինյան դիտարկումները - Mediamax.am

4482 դիտում

Օհանյանի որոշումն ու Աշոտյանի դարվինյան դիտարկումները


Արմեն Աշոտյանն ու Սեյրան Օհանյանը
Արմեն Աշոտյանն ու Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մեկնաբանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունը:

«Ունենալով հարգանք գեներալի անցած քաղաքական, մարտական, ռազմական եւ մարդկային ճանապարհի հանդեպ, ունենալով նաեւ մարդկային հարաբերությունների ինձ համար ջերմ ու գնահատելի պաշար, այնուհանդերձ պետք է կրկնեմ հայտնի ասացվածքը` «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Այդ ճշմարտությունը որոնելու պրոցեսի մեջ ներգրավվելու սահմանադրական իրավունք ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Ես այս պահին գնահատական չեմ փորձի տալ դեռ չձեւավորված ձեւաչափերին` հիպոթետիկ եռյակին, քառյակին: Այնուհանդերձ պետք է փաստեմ, որ Հայաստանի քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ, բայց քաղաքական արեւի տակ ինչ-որ մի տեղ կարողանում են զբաղեցնել»,- ասել է Արմեն Աշոտյանը:

 

Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին, Արմեն Աշոտյանն առաջարկել է դրանք դիտարկել Դարվինի աչքերով. «Փոխվել է քաղաքական կլիման եւ տարբեր քաղաքական տեսակներ փորձում են ամրապնդել եւ երաշխավորել իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում: Այդ քաղաքական տեսակները տարբեր են` դինոզավրերից մինչեւ սողուններ, թռչուններից մինչեւ կաթնասուններ: Այս տեսակետից կարեւոր է, որ քաղաքական կյանքն ապրի էվոլյուցիա, քաղաքական մոլորակի վրա մնան մրցունակ տեսակները»,- ասել է նա:

 

ՀՀԿ փոխնախագահը կարեւորել է, որ քաղաքական էվոլյուցիայի վրա չազդեն «բնակլիմայական ֆորսմաժորային պայմանները»:  Նա կարծում է, որ Հայաստանում կան բոլոր շանսերը քաղաքական գրավիչ եւ մրցունակ միջավայր ստեղծելու համար:

 

Վերադառնալով Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մուտք գործելու հարցին, նա ասել է. «Թե որ քաղաքական ուժն ինչպիսի դիրք կգրավի, շատ քիչ է որոշվում միան մուտքի փաստով: Ես անձամբ ողջունել եմ լիբերալ նոր եռյակի ստեղծումը, քանի որ լիբերալ ձայներն անտեր են մնացել: Ես ուրախ եմ, որ առաջացել է բնական միավորման հնարավորություն` ազատական գաղափարախոսության վրա»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին