Սեյրան Օհանյան. Ապրիլյան ագրեսիան լեգիտիմացրեց Արցախի սահմանները - Mediamax.am

11354 դիտում

Սեյրան Օհանյան. Ապրիլյան ագրեսիան լեգիտիմացրեց Արցախի սահմանները


Սեյրան Օհանյանը
Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ «մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, եւ, այդ դեպքում, ռազմական առումով մենք անբարենպաստ մեկնակետ կունենանք»։

Այս մասին նախկին նախարարը հայտնել է իր ֆեսբուքյան էջի միջոցով:

 

10 կետից բաղկացած դիրքորոշման մեջ Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձեւˋ իր հարեւանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

 

«10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի եւ Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը եւ դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, եւ, իհարկե, կան մարդիկ եւ շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել», - գրել է Սեյրան Օհանյանը:

 

Նրա կարծիքովˋերկրի զարգացման եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձեւ:

 

«Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետեւանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաեւ արձանագրել ենք ներգաղթ), այլեւ ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։ Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով եւ արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը եւ տեւական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ եւ արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը»,- նշել է նա:

 

«Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն եւ պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչեւ հակամարտող կողմերի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտ չձեւավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը:

Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական եւ այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են ու անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որեւէ փոխզիջման մասին չի խոսում եւ ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության:

 

Արցախի ներկա սահմանները ձեւավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում՝ արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաեւ այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները», - նշված է Սեյրան Օհանյանի դիրքորոշման մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին