Առաջարկվում է Վանաձորում արտահերթ ընտրություն նշանակել - Mediamax.am

2432 դիտում

Առաջարկվում է Վանաձորում արտահերթ ընտրություն նշանակել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը:

«Լուսավոր Հայաստան»-ի տարածած հաղորդագրության համաձայն` փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ եւ հիմնավորումներ:

 

Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը, մասնավորապես` Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաեւ ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն:

 

«Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այստեղ կարեւոր է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որեւէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ այն պայմանավորված է քաղաքական հայացքների եւ սկզբունքների խոր տարբերությամբ, որն ակնհայտ է, որ չի կարող շտկվել նաեւ առաջիկա 3 ամիսների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Երեք կուսակցությունները կառավարությանն առաջարկում են վաղաժամկետ դադարեցնել Վանաձորի գործող ավագանու լիազորությունները եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

 

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններում

ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել էր 5 կուսակցություն՝ ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», ԲՀԿ, ՀՅԴ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին