ՀՀ նախագահ. «Միջազգային բիզնեսի համար պետք է գրավիչ դառնանք» - Mediamax.am

5689 դիտում

ՀՀ նախագահ. «Միջազգային բիզնեսի համար պետք է գրավիչ դառնանք»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի զարգացման գործում պետք է ավելի ակտիվորեն ներգրավել միջազգային ընկերություններին եւ տարբեր մասնագետների, ինչպես նաեւ ավելի առարկայորեն մասնակցել աշխատանքի միջազգային բաժանմանը:

Այս մասին նախագահն ասել է «Հայաստանի իրավազորության» ծրագրի ընթացքին եւ անելիքներին նվիրված խորհրդակցության ժամանակ:

 

«Որպեսզի միջազգային բիզնեսի համար Հայաստանը դարձնենք ավելի գրավիչ, մենք նոր շունչ պետք է հաղորդենք դատական, ֆինանսական, հարկային ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ավելի եռանդուն կատարելագործենք մեր բիզնես միջավայրը, ինչը հնարավորություն կտա տեսանելի ապագայում մեր երկրի զարգացմանը, բարեփոխումներին նոր ուժ հաղորդելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահը հիշեցրել է, որ 2016թ. նոյեմբերի վերջին Հայաստանն ազատականացրել է իրավաբանական անձանց՝ դեպի երկիր եւ երկրից դուրս տեղափոխվելու հնարավորությունները:

 

«Ես համոզմունք ունեմ, որ մենք ավելի խորապես պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը եւ, հիմք ընդունելով Հայաստանի գրավչությունը, առավելությունները, մեր ժողովրդի եւ, առաջին հերթին, մեր երիտասարդ, տաղանդավոր մասնագետների հնարավորությունները, հայության դիրքերն աշխարհում՝ կառուցենք Հայաստանի Հանրապետության իրական պատկերը եւ Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր իրավազորություն ստեղծենք իրավաբանական անձանց եւ ընկերությունների համար: Ես վստահ եմ, որ այստեղ նաեւ մեծ դերակատարություն ունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաեւ Հայաստանի օրեցօր ավելացող մասնակցությունը Եվրամիության տարբեր ծրագրերին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահը շեշտել է, որ Հայաստանի որդեգրած դիրքորոշումը՝ անօրինական փողերի լվացմանը հակազդելու, մնում է անփոփոխ:

 

«Մեզ համար ամենակարեւորն այս պահին Հայաստանի զարգացմանը զուգահեռ՝ սա է: Մենք որեւէ նոր բան չենք հնարելու, մենք աշխատելու ենք մեր օրենքների հիման վրա եւ աշխատելու ենք մեր երկրի զարգացման համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Խորհրդակցությանը նշվել է, որ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի հիմնադրույթներից բացի, կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը, որի գրանցման աշխատանքները ավարտական փուլում են:

 

«Հայաստանի իրավազորություն» ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ եռամսյա պարբերականությամբ նախագահին հաշվետվություն կներկայացվի:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին