«Պետք է կառուցենք մեր Լոռին ու լավ ապրենք», ասել է վարչապետը - Mediamax.am

2725 դիտում

«Պետք է կառուցենք մեր Լոռին ու լավ ապրենք», ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Լոռի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մարզի զարգացման նախաձեռնություններին ու ծրագրերին:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նախ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին:

 

Ծրագրի առաջին փուլի՝ 38,5 կմ երկարությամբ հատվածի աշխատանքները սկսվել են 2016թ. սեպտեմբերին: Ակնկալվում է ընթացիկ տարվա աշնանն ավարտել ասֆալտապատման աշխատանքները, իսկ ընդհանուր ծրագիրը՝ 2018թ. մարտին:

 

Լոռու մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն ասել է.

 

«Ցանկանում եմ, որ այսօրվա հանդիպման ավարտին յուրաքանչյուրս միմյանցից բաժանվենք զգացումով, որ մենք հաստատ կարող ենք մեր երկիրը, մեր Լոռին, մեր Վանաձորը կառուցել եւ լավ ապրել, որովհետեւ ես դրանում ավելի քան համոզված եմ»: 

 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշել է, որ մարզի տարեկան մակրոտնտեսական ծավալը կազմում է 356 մլրդ դրամ: Վանաձորի զարգացման նպատակով իրականացվելու են շուրջ $ 20 մլն-ի ծրագրեր՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Ծրագրերը կյանքի են կոչվելու նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:

 

Խոսելով մարզում առողջապահության ոլորտում առկա իրավիճակի մասին՝ կառավարության ղեկավարը հորդորել է ոլորտ ներգրավել մասնավոր կառավարիչների:

 

«Առողջապահության ոլորտը մեր բյուջեի 6,4 տոկոսի ծախսային մասն է, ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մենք գիտենք, որ ոլորտում կա մեծ ստվեր, ունենք արհեստական գներ, որոնք առաջացնում են կոռուպցիոն ռիսկեր»,- շեշտել է վարչապետը:

 

Նա կարեւորել է նաեւ գյուղոլորտով զբաղվողների համար ուսումնական դասընթացների կազմակերպումը:

 

«Ագրարային համալսարանի առջեւ դրվել է հստակ ծրագիր՝ կազմակերպել նման դասընթացներ բոլոր մարզերում: Մենք պետք է ֆերմերին օգնենք, որ զարգանա: Ցանկանում ենք ունենալ խելացի գյուղատնտեսություն»,- ավելացրել է Կարեն Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ մարզերից ստացված ծրագրերը տեղայնացնելու  շրջանակում ստեղծվելու է հարթակ՝ գործարարների համար բիզնես դասընթացներ իրականացնելու նպատակով:

 

«Բացատրելու ենք՝ բիզնես ծրագիրն ինչպես է պետք կազմել, որպեսզի բիզնեսն «արթնանա», եւ այն գաղափարները, որոնք ունի, սակայն չի կարողանում կիրառել, կարողանա կյանքի կոչել: Ուսումը բերելու է որակի փոփոխություն»,- ընդգծել է նա:

 

Վարչապետը կարեւորել է նաեւ գյուղական համայնքներում բարձրորակ կրթության ապահովումը. «Մեր ազգի լավագույն մարդիկ, ամենամեծ արդյունք տվածները փոքր համայնքներից դուրս եկածներն են: Եթե այսօր մեր երեխային փոքր գյուղական համայնքում լավ կրթություն չենք տալիս, ապա վաղվա մեր լավ օրվա գլխին քար ենք գցում»:

 

Կառավարության ղեկավարը հիշեցրել է Լոռու արդյունաբերական, գիտահետազոտական ներուժի մասին եւ անհրաժեշտ է համարել ձեւակերպել մարզի երազանքը:

 

«Մենք պետք է ներդրողին համոզենք, որ Լոռու մարզում կարելի է գումար դնել, գումար աշխատել եւ շահույթ ստանալ: Յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր տեսլականն ու երազանքը, այն տա թղթին եւ քայլ առ քայլ գնա դրա իրականացման հետեւից»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին