ՀՀԿ առաջին տասնյակի 10 տարվա էվոլյուցիան - Mediamax.am

exclusive
6228 դիտում

ՀՀԿ առաջին տասնյակի 10 տարվա էվոլյուցիան


Լուսանկարը`


Փետրվարի 14-ին հայտնի դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակը, որում գերակշռում են երիտասարդ գործիչները: Մեդիամաքսը համեմատել է 2007, 2012 եւ 2017թթ.-ի խորհրդարանական ընտրությունների ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակները:

 

Եթե 2007 եւ 2012 թվականներին թեկնածունների առաջին տեղում ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր, ապա այս ցուցակը գլխավորում է հանրապետության նախագահի աշխատակազմը նախկինում ղեկավարած եւ այժմ արդեն պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող Վիգեն Սարգսյանը: 

 

Երկրորդ տեղը զբաղեցնող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջին անգամ չէ, որ տասնյակում է. 2012թ.-ին նա եւս գլխավոր թեկնածուների շարքում էր:

 

Նախորդ երկու խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակում Սերժ Սարգսյանին հաջորդում էին Տիգրան Թորոսյանը (2007թ.) եւ Հովիկ Աբրահամյանը (2012թ.):

 

ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ տեղում Արփինե Հովհաննիսյանն է, ով քաղաքական գործչի ուղին սկսեց որպես պատգամավոր, այնուհետեւ նշանակվեց արդարադատության նախարար:  Նախորդ երկու ընտրություններում ցուցակի երրորդ հորիզոնականում երկու նախկին վարչապետերն էին` Հովիկ Աբրահամյանը (2007թ.) եւ Տիգրան Սարգսյանը (2012թ.):

 

Չորրորդ տեղում առողջապահության նախկին նախարար (1991-1997 թթ.), 2007թ.-ից ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանն է: 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում այս տեղը զբաղեցնում էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, իսկ 2012թ.-ին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով բոլորովին վերջերս է մտել քաղաքականություն: Երբ հայտնի դարձավ, որ նա անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը, նախարարն իր որոշումը հիմնավորեց այսպես. «Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաեւ քաղաքական պատասխանատվություն կրի»:

 

Խորհրդարանական նախորդ ընտրություններում այս տեղը բաժին էր հասել Ռազմիկ Զոհրաբյանին (2007թ.) եւ Սամվել Նիկոյանին (2012թ.):

 

2017թ.-ի ապրիլի ընտրությունների համամասնական ցուցակի 6-րդ տեղում կուսակցության ամենաակտիվ անդամներից է, ով արդեն հասցրել է լինել թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունում, ինչպես նաեւ ՀՀԿ ղեկավար կազմում: Արմեն Աշոտյանի զբաղեցրած 6-րդ տեղում նախորդ երկու ընտրություններում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի (2007թ.) եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի (2012թ.) անուններն էին:

 

Ի դեպ, 2007 եւ 2012 թվականների ընտրությունների ՀՀԿ ցուցակները համեմատելիս կարելի է տեսնել, որ նրանք փոխվել էին տեղերով, եւ Հրանուշ Հակոբյանը զբաղեցրել էր 6-րդ, Գալուստ Սահակյանը` 7-րդ հորիզոնականը:

 

2017թ-ի ընտրությունների ՀՀԿ համամասնական ցուցակի 7-րդ տեղում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է: 

 

Ցուցակի 8-րդ տեղում Մարգարիտ Եսայանն է, ով 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ թողեց լրագրողի մասնագիտությունը: Նախորդ խորհրդարանական ընտրություններում 8-րդ տեղում Հարություն Փամբուկյանն (2007թ.) ու Ռազմիկ Զոհրաբյանն էին (2012թ.):

 

2012թ.-ից ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ պատմաբան Սամվել Ֆարմանյանը, ով աշխատելու փորձ ունի թե խորհրդարանում, թե նախագահի աշխատակազմում, զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 9-րդ տեղը: 2007թ.-ին եւ 2012թ.-ին այս տեղում ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի անունն էր: 

 

«Երիտասարդացած» ցուցակի 10-րդ հորիզոնականը եզրափակում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: 2007թ-ի ընտրություններում ցուցակի 10-րդ տեղում Արա Բաբլոյանն էր, 2012թ.-ին` Գագիկ Բեգլարյանը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին