Հայ-ռուսական դաշինքը «անփոխարինելի է», ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

5945 դիտում

Հայ-ռուսական դաշինքը «անփոխարինելի է», ասել է ՀՀ նախագահը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը «անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»:

«Որեւէ ռազմական դաշինք չի կարող հիմնված լինել միայն հույզերի վրա: Այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա», - ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների առջեւ:

 

«Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա ուղղակի անթույլատրելի է», - նկատել է Սերժ Սարգսյանը:

 

«Միաժամանակ, մենք շարունակելու ենք աշխույժ դրական օրակարգ ձեւավորել ՆԱՏՕ-ի եւ դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Այս բոլորը կարեւոր գործոններ են Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար», - ասել է Հայաստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին