Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցություն չի լինի - Mediamax.am

4869 դիտում

Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցություն չի լինի


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում»:

«Այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից շրջափակումը վերացված չէ, անընդունելի է: Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որեւէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չեն», - ասել է նախագահը՝ ելույթ ունենալով Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների առջեւ:

 

«Մեր հասարակական կյանքի կազմակերպման եւ լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանունակության վրա: Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը: Մեր երկիրն այդպիսով թեւակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ: Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլեւս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ:

 

Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձեւի: Վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետեւյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները: Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին