ԵԱՀԿ վեհաժողովականները կդիտարկեն «ՀՀ կարեւոր ընտրությունները» - Mediamax.am

3962 դիտում

ԵԱՀԿ վեհաժողովականները կդիտարկեն «ՀՀ կարեւոր ընտրությունները»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ խորհրդարանականները կդիտարկեն ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունները եւ կստանձնեն ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարությունը:

ԵԱՀԿ-ից հայտնում են, որ կազմակերպության գործող նախագահ Սեբաստիան Կուրցը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Իսպանիայի պատվիրակության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին նշանակել է ԵԱՀԿ 250 կարճաժամկետ դիտորդների խմբի հատուկ համակարգող։

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն էլ կղեկավարի վեհաժողովում Իսպանիայի պատվիրակության ղեկավար Գեիր Ջորգեն Բեկեւոլդը: Նրա ղեկավարած պատվիրակությունը կներառի 23 երկրի 55 խորհրդարանականների:

 

«Ես եւ իմ թիմակից դիտորդները մեծ ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանի ընտրական գործընթացներին։ Այս ընտրությունները կլինեն առաջինը, որ անցկացվում են Հայաստանի փոփոխված Սահմանադրության ներքո՝ կիսանախագահականից առանցքային անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի։ Ես անհամբերությամբ եմ սպասում դիտարկելու, թե ինչպես են այս կարեւոր ընտրություններն անցկացվելու»,- ասել է Սանչես Ամորին:

 

Նա Երեւան կժամանի հաջորդ շաբաթ եւ մարտի 29-ից սկսած՝ հանդիպումներ կանցկացնի: 

 

Գեիր Ջորգեն Բեկեւոլդն էլ այս ընտրությունները կարեւորել է քվեարկության նոր կարգի կիրառման տեսանկյունից:

 

«Մենք՝ որպես դիտորդներ, մեծ ուշադրություն կդարձնենք ընտրությունների կազմակերպման նոր ադմինիստրատիվ միջոցների կիրառման վրա»,- ասել է նա։

 

Դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքները կհրապարակվեն ապրիլի 3-ին հրավիրված ասուլիսում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին