Ստեղծվել է «Հայաստանի ներդրողների ակումբը» - Mediamax.am

3065 դիտում

Ստեղծվել է «Հայաստանի ներդրողների ակումբը»


Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը
Սամվել Կարապետյանն ու Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր Երեւանում տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:

Ս.թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու եւ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

 

«Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ եւ մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ: Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա  համար, որ գալու են առողջ, երկարատեւ ներդրումներ, երկարատեւ բիզնես ծրագրեր, այլեւ մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ», - ասել է Կարեն Կարապետյանը:

 

Նա նշել է, որ «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, եւ գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու:

 

«Բացի այդ, անդամներից յուրաքանչյուրն ունի մեծ շրջապատ, եւ այս ակումբը դառնալու է կամուրջ իրենց շրջապատի, իրենց հետ կապիտալով, գործով կապված մարդկանց ու մեր երկրի միջեւ: Այս ակումբի մուտքը Հայաստան նաեւ նպաստելու է  ֆինանսական, կապիտալի շուկայում առկա բացերի լուծմանն ու զարգացմանը: Ակումբի անդամները նաեւ իրենց բարոյական կերպարով, պահելաձեւով, նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարեւոր է: Ես ձեզ բոլորիդ ողջունում եմ եւ խորին շնորհակալություն հայտնում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ընկերոջը, ՀՀ մեծ բարեկամին, բարեգործին, ներդրողին՝ Սամվել Կարապետյանին», - ասել է կառավարության ղեկավարը:

 

«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է Հայաստանում, որի նպատակն է ներքին եւ արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող հետեւյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ եւ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի եւ թեթեւ արդյունաբերություն: Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարեւոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի եւ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն:

 

Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր եւ գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի եւ անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաեւ փոխառությունների տրամադրման տեսքով: Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին