ՕՐՕ դաշինքը կպայքարի Սամվել Բաբայանի իրավունքների համար - Mediamax.am

5989 դիտում

ՕՐՕ դաշինքը կպայքարի Սամվել Բաբայանի իրավունքների համար


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի ղեկավարներն այսօր հայտարարել են, որ շարունակելու են պայքարել Սամվել Բաբայանի իրավունքների համար:

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը աջակցում է ՕՐՕ դաշինքին, մարտի 24-ից երկու ամսով կալանավորված է՝ ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։

 

«Չեմ կարծում, որ Սամվել Բաբայանը կարող էր այդպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ այս ժամանակահատվածում։ Եթե կան տեղեկություններ, թող դրանք տան, մենք էլ իմանանք, եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դրանք քաղաքական հետապնդումներ են ե՛ւ Սամվելի, ե՛ւ մեր դաշինքի նկատմամբ»,- հայտարարել է ՕՐՕ դաշինքը գլխավորող, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 

Նա նշել է, որ փաստաբանի միջոցով իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ Սամվել Բաբայանն իր մեղքը չի ընդունել:

 

«Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, մեր գաղափարակից գործընկերը եւ տարբեր ժամանակահատվածներում իր հնարավորությունների սահմաններում աջակցել է մեզ։ Նրա իրավունքների պաշտպանության գործում մենք պետք է հաստատակամ լինենք եւ մինչեւ վերջ գնանք»,- հավելել է Սեյրան Օհանյանը:

 

Դաշինքի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԳ նախկին նախարարներ Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը եւս ընդգծել են, որ «Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է»: Նրանց խոսքով՝ դաշինքի նկատմամբ եղած հետապնդումները վկայում են այն մասին, որ «ՕՐՕ-ն վերահսկողությունից դուրս է»:

 

Սեյրան Օհանյանը մեկնաբանել է նաեւ իր ձերբակալման հնարավորության մասին հարցը.

 

«Ես քաղաքական մեծ գործընթացներում եմ, եւ եթե այդպիսի տեղեկություններ լինեին, ապա գոնե մեկ անգամ ինչ-որ մեկը կանդրադառնար դրան։ Բայց Հայաստանում ենք գտնվում, եւ ոչինչ չի բացառվում»։

 

ՕՐՕ դաշինքի անդամները շեշտել են, որ եթե հետընտրական զարգացումներ լինեն, եւ ժողովուրդը պահանջի նոր ընտրություններ, ապա իրենք կանգնած կլինեն ժողովրդի կողքին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին