Միջազգային հանրությանը մտահոգել են ընտրողների ահաբեկման լուրերը - Mediamax.am

4453 դիտում

Միջազգային հանրությանը մտահոգել են ընտրողների ահաբեկման լուրերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «տեղյակ են եւ մտահոգված ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերին օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումներով»:

«Մենք շարունակում ենք հորդորել ընտրություններին մասնակից բոլոր կողմերին հավատարիմ լինել Հայաստանի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն եւ կոչ ենք անում համապատասխան իրավապահ կառույցներին ու ընտրական կառույցներին անկողմնակալ ու համոզիչ կերպով իրականացնել գործող օրենքները:

Հուսով ենք, որ ընտրությունների անմիջական արդյունքները ճանապարհ կհարթեն դեպի բարեկեցություն, խաղաղություն եւ առաջընթաց: Հայաստանի ժողովուրդն արժանի է դրան»,- ասված է հայտարարությունում:

 

Միջազգային հանրությունը հիշեցրել է, որ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ գնահատականը չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ:

 

ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հույս են հայտնել, որ ընտրատեղամասերում կիրառվող նորագույն սարքավորումները կօգնեն ազատ ու արդարացի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: 

 

«Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը՝ խիստ սեղմ ժամկետներում:

 

Մենք խորապես հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը եւ կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու է փակ, եւ որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն»,- ասված է հայտարարությունում:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին