ՀՀ նախագահ. «Ընտրություններն արձանագրեցին կարեւոր առաջընթացը» - Mediamax.am

9731 դիտում

ՀՀ նախագահ. «Ընտրություններն արձանագրեցին կարեւոր առաջընթացը»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ ապրիլի 2-ին կայացած Ազգային Ժողովի «ընտրություններն արձանագրեցին այն կարեւոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության եւ պետականաշինության գործում»:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է ապրիլի 18-ին՝ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

 

«Ընտրություններում, իմ կարծիքով, առաջընթացը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, որոնցից երեքի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը: Առաջին հանգամանքն այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջմղումը»,-նշել է նախագահը:

 

«Քաղաքական եւ հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսեւորվում է քաղաքական կուսակցությունների եւ կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, ՀՀ նախագահի կարծիքով, քաղաքական ուժերի միջեւ քաղաքական համաձայնության կայացումն էր, իսկ երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը:

 

«Հայաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առանցքային դերակատարում ուներ ընտրական մի շարք առաքելությունների աշխատանքները համակարգելու գործում, տվել էր անսահմանափակ դիտորդներ տեղակայելու հնարավորություն: Ուրախ եմ նշել, որ ԺՀՄԻԳ-ը զգալիորեն ավելացրեց դիտորդների քանակը հենց ընտրությունների նախօրեին՝ այն բացատրությամբ, որ մեր ընտրությունները հարուցել են շատ երկրների հետաքրքրությունը, եւ մենք համաձայնվեցինք, որ հիսունով ավելանա դիտորդների քանակը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին