Կառավարության հնգամյա ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով - Mediamax.am

31471 դիտում

Կառավարության հնգամյա ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության արտահերթ նիստում այսօր փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը:

«Կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջեւ: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել եւ´ տնտեսության, ե՛ւ գործազրկության, ե՛ւ նվազագույն աշխատավարձի, եւ´ արտահանման ծավալների, ինչպես նաեւ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Ըստ ոլորտների հստակ ձեւակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները եւ անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ եւ խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։

 

Փոխվարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները եւ դրանց առարկայական լուծումները: Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնությունները, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել:

 

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման եւ իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն եւ պաշտպանություն, տնտեսության առաջընթաց եւ սոցիալական ոլորտ:

 

Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաեւ գերատեսչությունների կողմից հստակ ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը:

 

Կառավարություն հավանություն է տվել ծրագրին, որը կներկայացվի Ազգային ժողով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին