Վարչապետն էմոցիոնալ քննադատությունների մասին՝ «Դա ճիշտ չէ» - Mediamax.am

38326 դիտում

Վարչապետն էմոցիոնալ քննադատությունների մասին՝ «Դա ճիշտ չէ»


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում արձագանքել է կառավարության 2017-2022 թթ. ծրագրի վերաբերյալ հնչած քննադատություններին եւ առաջարկություններին:

 

«Նախ եւ առաջ, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս քննարկումների եւ առաջարկությունների համար: Չափազանց կարեւոր է, որ մենք կարողանանք հանդուրժողական եւ կոռեկտ միջավայր ձեւավորել: Հիմնականում ելույթները եղել են այդպիսին, բայց եղել են նաեւ էմոցիոնալ ելույթներ»,- ասել է վարչապետը:

 

Անդրադառնալով «Ելք» դաշինքի քննադատություններին՝ Կարեն Կարապետյանն ասել է. ««Ելք»-ի մեր գործընկերների հիմնական քննադատությունը հետեւյալն էր. մենք չենք հասկանում՝ 2018թ. վարչապետն ով է, այդ իսկ պատճառով կառավարության ծրագիրը քննարկելու իմաստ չենք տեսնում: Կար գնահատական, որ լիբերալ ծրագիր է եւ դա ձերը չի, մերը պետք է լինի: Ճիշտն ասած, ես այդ գնահատականն ընդունել եմ որպես դրական: Կային առարկայական առաջարկություններ գյուղատնտեսության եւ այլընտրանքային էներգետիկայի վերաբերյալ, որոնք արդեն ընդգրկված են: Կային նաեւ էմոցիոնալ ելույթներ, որ այս ծրագիրն առաջընթացի ծրագիր չէ, այլ տեղում դոփելու, բայց, իմ կարծիքով, այն առանձնապես հիմնավորված չէր»:

 

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաեւ «Ծառուկյան» դաշինքի քննադատություններին:

 

««Ծառուկյան» դաշինքի առաջարկությունները հիմնականում երկու դասի էին. մենք 430 հազար ձայն ունենք, ինչո՞ւ մեր ծրագիրը չեք ընդունում: Փաստարկն այն է, որ մենք ավելի շատ ձայն ենք ստացել, եւ մեր կարծիքով՝ մեր ծրագիրն ավելի առարկայական է եւ իրագործելի:

 

Երկրորդ, քաղաքական ուժը նախկինում ունեցել է որոշակի սխալներ կամ չկատարված քայլեր, այդ իսկ պատճառով ցանկացած դեպքում ինչ ծրագիր էլ լինի, մենք չենք քննարկում, չենք լսում: Նաեւ խմբակցության ղեկավարի խոսքում՝ որպես քննադատություն,  ներառված էին այն խնդիրները, որոնք  ունենք, բայց մենք մեր ծրագրի մեջ հենց այդ խնդիրներն էլ ֆիքսել ենք եւ ասել ենք, որ լուծում ենք տալու: Կային, իհարկե, առարկայական առաջարկություններ, բայց նաեւ էմոցիոնալ ելույթներ՝ ոչ կոռեկտ, անձնական եւ ոչ հեռանկարային: Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ դա ճիշտ չէ»,- ասել է վարչապետը:

 

Խոսելով կառավարության թիմի մասին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ «հավաքվել է բավական ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ»:

 

«Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի լինեն կառուցողական առաջարկություններ, քննարկումներ՝ ոչ թե առիթից առիթ, այլ ամենօրյա ռեժիմով»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին