Պետական մարմինների հակակոռուպցիոն գործողությունները կամփոփվեն - Mediamax.am

37123 դիտում

Պետական մարմինների հակակոռուպցիոն գործողությունները կամփոփվեն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է գերատեսչությունների հակակոռուպցիոն գործողությունների կատարման ընթացքին:

«Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին, եւ վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել եւ իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական եւ գործնական փոփոխություններ: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները 2018-ին գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, գնահատվելու են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների եւ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակում կատարված աշխատանքները»,- ասել է վարչապետը:

 

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն՝ արդարադատության նախարարին հանձնարարվել է ամփոփել եւ վարչապետին ներկայացնել առաջարկություն համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ:

 

Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվել է արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմինների իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ:

 

Կարեն Կարապետյանը կոչ է արել գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն եւ պարբերաբար զեկուցել իրեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին