ՄԱԿ-ը Հայաստանում օգտակար աշխատանք է կատարում, ասել է նախագահը - Mediamax.am

32373 դիտում

ՄԱԿ-ը Հայաստանում օգտակար աշխատանք է կատարում, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բարձր է գնահատել անցած 25 տարիներին Հայաստանում ՄԱԿ-ի կողմից երեւանյան գրասենյակի միջոցով իրականացված «թիրախային եւ բազմազան զարգացման ծրագրերը»:

Այս մասին նախագահը նշել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ կատարած այցի ընթացքում:

 

«ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի օգտակար եւ արդյունավետ աշխատանքում մեծ է նաեւ մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի ներդրումը: Հայաստանում մարդիկ հավատում են գրասենյակին, որի համակարգմամբ ծրագրերն իրականացվում են մասնագիտական բարձր որակով եւ մեծ պատասխանատվությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Բրեդլի Բուզետտոն էլ ընդգծել է, որ գրասենյակն այս տարիների ընթացքում իր լավագույն ջանքն է ներդրել, որպեսզի ՄԱԿ-ը Հայաստանում դառնա չեզոք հարթակ միջազգային համայնքի եւ Հայաստանի համադրված աշխատանքի համար:

 

«Հայաստանում՝ ՄԱԿ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների եւ այլ դոնորների ֆինանսավորման միջոցով: Մենք այս տարիներին փորձել ենք կենտրոնանալ Հայաստանի կառավարության համար կարեւոր ռազմավարական խնդիրների վրա, օրինակ՝ սահմանային անցակետերի արդիականացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, ժողովրդավարական ընտրությունների անցկացում, ինչպես նաեւ ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք: Ակնկալում ենք նաեւ նոր ծրագրերի իրականացում, օրինակ՝ Մեղրիի սահմանակետի արդիականացում, ԱԻՆ-ի հետ քննարկում ենք Նաիրիտի տարածքում վտանգավոր նյութերի պահեստների մաքրման աշխատանքներ իրականացնելու հարցը: Շատ լավ եւ կարեւոր աշխատանքներ ենք իրականացնում Տավուշի սահմանամերձ համայնքներում եւ այժմ ուսումնասիրում ենք այդ ծրագրերը ընդարձակելու հնարավորությունը՝ ներառելով նաեւ Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ գյուղերը»,- ասել է Բրեդլի Բուզետտոն:

 

Նա երախտագիտություն է հայտնել նաեւ Հայաստանին ՄԱԿ-ի շրջանակում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու գործում ակտիվ դերակատարում ունենալու համար:

 

«Ցանկանում եմ ընդգծել Մալիում, Լիբանանում եւ այլ երկրներում Հայաստանի խաղաղապահ առաքելությունը եւ այն շարունակելու պատրաստակամությունը»,- նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին