13543 դիտում

Վարչական կարգով բողոքարկումների որակը կբարձրացվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է բարձրացնել վարչական կարգով բողոքարկումների որակն ու գործընթացը դարձնել առավել թափանցիկ:

«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումը, ի տարբերություն դատական կարգով բողոքարկման, իրականացվում է առանց որեւէ վճարի եւ անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում: Սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով: Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում կայացված որոշումների հիմնականում անբավարար պատճառաբանվածությամբ, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով: Միաժամանակ, վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նա նշել է, որ, ըստ վիճակագրական տվյալների, վարչական դատարաններում նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է շուրջ 9200 գործ, եւ այս գործերով առաջին դատական նիստի օր նշանակվում է, ըստ էության, 2018թ. հունվարին, իսկ վերաքննիչ վարչական դատարանը հանձնված գործերով դատավարությունը նշանակում է 2019-ին:

«Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաեւ գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից»,- մտահոգվել է վարչապետը:
Արդարադատության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին հանձնարարվել եւ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am