ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին առաջադրել է նախագահի թեկնածու - Mediamax.am

14987 դիտում

ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին առաջադրել է նախագահի թեկնածու


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում կուսակցության ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:

«Կարծում եմ, որ ՀՀ չորրորդ նախագահը պետք է լինի կայացած եւ վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված եւ կոփված պետք է լինի, բայց ոչ քաղաքականացված: Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջեւ, ինչպես նաեւ հասարակության տարբեր խավերի միջեւ լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի: Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն արտերկրում, ճանաչի սփյուռքը եւ ունակություն ունենա համախմբելու աշխարհասփյուռ հայությանը:

Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում մենք անդրադարձել ենք այս հարցին, եւ ես, հաշվի առնելով Ձեր ունակությունները, Ձեր որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջադրել Ձեզ որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, եւ սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը:

Շատ ցանկալի է, որ չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: Հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցություններին եւ տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետեւ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, եւ մարտի սկզբին մենք արդեն ունենանք չորրորդ նախագահ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ եւ Հանրապետական կուսակցությանն այս բարձր վստահության համար:

 

Ինչպես Դուք ասացիք, շատ կարեւոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին եւ՛ Ազգային ժողովում, եւ՛ Ազգային ժողովից դուրս: Շատ կուզենայի հանդիպել նաեւ հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, եւ իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին եւ դրանից հետո իմ որոշումը կայացնել: Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն Նախագահ:

 

Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները եւ արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից եւ հուսամ նաեւ կլսեմ մեր մյուս քաղաքացիներից եւ մեր հայազգի որդիներից: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին