Հրայր Թովմասյանը կնախագահի Սահմանադրական դատարանը - Mediamax.am

7975 դիտում

Հրայր Թովմասյանը կնախագահի Սահմանադրական դատարանը


Հրայր Թովմասյանը
Հրայր Թովմասյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին։

Նրա օգտին քվեարկվել է 64, դեմ՝ 27 պատգամավոր։ Երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

 

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Հրայր Թովմասյանի թեկնածությանը:

 

Հրայր Թովմասյանը փետրվարի 16-ին հրաժարվել էր ԱԺ պատգամավորի մանդատից եւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ մարտի 2-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի անդամ։ Հրայր Թովմասյանը նաեւ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին դիմում էր ներկայացրել։

Այսօր գործող սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամն ու ՍԴ նախագահը կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը:

 

Մինչ այս ՍԴ նախագահի պաշտոնն ավելի քան 20 տարի զբաղեցնում էր Գագիկ Հարությունյանը, որը ապրիլի 9-ից հետո կզբաղեցնի Սահմանադրության փոփոխության արդյունքում ձեւավորված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը։

 

Հրայր Թովմասյանը 48 տարեկան է, ծնվել է Արարատի մարզի Դարակերտ գյուղում։

1995թ. ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը:  Մասնագիտությամբ՝ իրավաբան է:  Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոկտորանտ:

 

1996-1998 թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, 1998-1999թթ.՝ գլխավոր մասնագետ, 1999-2001թթ.՝ ծառայության ղեկավարի տեղակալ։

 

2001-2010 թթ. աշխատել է որպես Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան։

 

2001թ. ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։

 

2010-2013թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:  2013թ. ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է: 

 

2014-2017 թթ. եղել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։

 

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին