Արմեն Սարգսյանը` հավատի, քաղաքացու եւ արատավոր երեւույթների մասին - Mediamax.am

6554 դիտում

Արմեն Սարգսյանը` հավատի, քաղաքացու եւ արատավոր երեւույթների մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ներկայացնում ենք մի քանի հատված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթից:

Հավատի մասին

 

Ինձ ուժ է տալիս հավատը: Հավատը մեր երկրի եւ ժողովրդի ապագայի հանդեպ,

հավատը Հայաստանի քաղաքացիների եւ աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ:

 

Առաջին Հանրապետության եւ նոր էջի մասին

 

Այսօր մենք գտնվում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին, եւ անցում կատարում պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի: Մի կողմից, ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից, խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Մեկ դար առաջ, հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, գերմարդկային ջանքեր եւ սխրանք էր պետք` փրկելու եւ ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ Հայրենիքից: Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաեւ արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին:

 

Հենց դրա շնորհիվ մեզ՝ մեր ներկա սերնդին, բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետությունը, այլեւ կայացնել մեր Հայրենիքի անկախությունը:

 

ԵԱՏՄ, Եվրամիության եւ Սերժ Սարգսյանի հմտության մասին

 

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ եւ հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը եւ պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը:

 

ԼՂ կարգավորման մասին

 

Այսօր մեր երկրի եւ ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը եւ ամուր Արցախն են:

 

Արդարացի լուծման հասնելու եւ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն եւ հզոր Հայաստան:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Քաղաքացու եւ արատավոր երեւույթների մասին

 

Մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսեւորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետեւողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական եւ արատավոր երեւույթների դեմ: Կոռուպցիայից մինչեւ սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչեւ անպատասխանատվություն: Այս անզիջում եւ արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին