Այսպես խոսեց Սերժ Սարգսյանը - Mediamax.am

13565 դիտում

Այսպես խոսեց Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային Ժողովում եւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Մեդիամաքսն առանձնացրել է մի քանի հատված ելույթից եւ հարցերի պատասխաններից:

 

«Ստվերային» վարչապետ չդառնալու մասին

 

Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ կարող էր փորձել «ստվերային» վարչապետ դառնալ եւ ազդել երկրի կառավարման վրա՝ պետական պաշտոն չզբաղեցնելով: Սակայն, ասել է նա, այդպիսի պահվածքը «թուլության եւ պատասխանատվությունից խուսափելու դրսեւորում կլիներ», ինչպես նաեւ կվտանգեր իշխանական ուղղահայացի բնականոն աշխատանքը:

 

Վարչապետի պաշտոնին չհավակնելու իր նախկին խոստման մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ առաջադրվել է վարչապետի պաշտոնում ոչ թե որպես նախկին նախագահ եւ տարբեր պաշտոններ զբաղեցրած պետական գործիչ, այլ որպես Ազգային Ժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ղեկավար:

 

Թիվ մեկ խնդրի մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ անվտանգության ապահովումը շարունակելու է մնալ իր թիվ մեկ խնդիրը: Նա ասել է, որ շարունակվելու է հայկական բանակի արդիականացումը, նոր զինատեսակների ձեռքբերումը եւ դրանց տեղական արտադրությունը, սպաների եւ զինվորների կենցաղային պայմանների բարելավումը:

 

Ապրիլյան պատերազմի դասերի մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին դասն է այն էր, որ « տեւական ժամանակ չպետք է հույս փայփայենք, որ հակառակորդը թողնելու է Արցախի խնդիրը ուժով լուծելու իր ցանկությունը»:

 

Բանակցային գործընթացի մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ ԼՂ կարգավորման «բանակցային գործընթացը կանգնած է, որովհետեւ դրանից Ադրբեջանի ղեկավարության սպասված արդյունքները անիրատեսական եւ անընդունելի են մեզ համար»: 

 

Ռուսաստանի եւ Արեւմուտքի մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ այլ անդամների հետ, ինչպես նաեւ՝ բարեկամական հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ եւ Չինաստանի հետ: «Մեր սկզբունքը եղել եւ մնում է՝ չփորձել օգուտներ քաղել ուրիշների հակամարտությունից», - ասել է նա:

 

Իր առանձնատան մասին

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե նախկին երկու նախագահները օգտվել են առանձնատուն ունենալու իրավունքից, ինքն էլ կարող է օգտվել դրանից: Պատասխանելով պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, նա ասել է, որ որեւէ խնդիր չի տեսնում նրանում, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին հատկացված առանձնատների, իրեն սեփականության իրավունքով հատկացված առանձնատունը գտնվում է պետական ամառանոցների տարածքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին