Փաշինյան՝ «ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին» - Mediamax.am

20748 դիտում

Փաշինյան՝ «ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին»


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ազգային Ժողովը պետք է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վարչապետ ընտրի «ժողովրդի թեկնածուին»:

Ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում,  Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանը կիսատ թողեց իրենց հանդիպումը եւ հեռացավ, «այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նաեւ այլեւս հեռացել է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնից»: 

 

«Այսօր Հայաստանում կա նոր իշխանություն, որի անունն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ», - ասել է Փաշինյանը:

 

«Երբ ինձ խցում սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ թավշյա հեղափոխությունը հաղթել է: Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնել, որ Սերժ Սարգսյանը հեռանա հոկտեմբերին: Երկու ժամից առաջարկեցին, որ հեռանա մեկ ամսից: Ավելի ուշ առաջարկեցին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի բոլոր առաջարկները եւ արեցի սեփականը՝ ձեր անունից. նա պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում, եւ նա դա արեց», - պատմել է պատգամավորը:

 

Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի հեռացումը իրենց օրակարգի առաջին կետն էր միայն:

 

«Քայլ երկրորդ՝ ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին, եւ դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո կձեւավորվի ժամանակավոր կառավարություն: Այնուհետեւ հնարավոր ամենաշուտ ժամկետներում պետք է կայանան արտահերթ ԱԺ ընտրություններ», - ասել է Փաշինյանը:

 

Նա տեղեկացրել է, որ ապրիլի 25-ին, ժամը 11:00-ին կշարունակի իշխանության անցնում փոխանցման շուրջ բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ եւ անվերապահ կճանաչի ժողովրդական թավշյա հեղափոխության հաղթանակը: Այն չի կարող կիսատ մնալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Եթե Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն հույս ունեն, որ այս ամենի արդյունքում իրենք շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ րոպե առաջ մոռանալ այդ միտքը: Ժողովուրդը հաղթել է եւ այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն», - ասել է ԱԺ պատգամավորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին